Մատչելի հղումներ

Հռոմի պապի նախկին սեղանապետը կանգնելու է դատարանի առջև


Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի նախկին սեղանապետ Պաոլո Գաբրիելե (ստորև ձախ կողմից)
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի նախկին սեղանապետ Պաոլո Գաբրիելե (ստորև ձախ կողմից)

Սեղանապետը մեղադրվում է գաղտնի փաստաթղթերի գողության և դրանք Իտալիայի լրագրողներին փոխանցելու մեջ

Վատիկանի դատավորը կարգադրել է անցկացնել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի նախկին սեղանապետի դատավարությունը, որին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի գողության և դրանք Իտալիայի լրագրողներին փոխանցելու մեջ:

Մեղադրող կողմը երկուշաբթի օրը նշել է, թե Պաոլո Գաբրիելեն գործել է «եկեղեցում համատարած չարության և կաշառակերության դեմ պայքարելու ցանկությունից ելնելով» և ցանկացել է օգնություն ցուցաբերել այս երևույթների դեմ պայքարում, քանի որ «Հռոմի պապը բավական տեղեկացված չէր»:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Գաբրիելեն, որն աշխատում էր Հռոմի պապի մասնավոր բնակարանում, կարող է դատապարտվել մինչև վեց տարի ազատազրկման:

Գաբրելեի հետ միասին դատավորը կարգադրել է դատարանի առջև կանգնեցնել նաև Վատիկանի պետական քարտուղարության համակարգչային մասնագետ Կլաուդիո Սքարպելետիին, որին մեղադրում են Գաբրիելեին օգնություն տրամադրելու և դրդելու մեջ:

Վատիկանի դժգոհությունն առաջացրած սկանդալի ընթացքում բացահայտվել են կաթոլիկ եկեղեցու բարձր մակարդակներում տեղի ունեցող կոնֆլիկտները:

Սկանդալը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, երբ իտալացի լրագրող Ջիանլուիջի Նուցին հրապարակել է Վատիկանի նախկին բարձրագույն վարչարարներից մեկի կողմից Հռոմի պապին ուղղված նամակը, որտեղ վերջինս աղաչում էր հովվապետին չտեղափոխել իրեն՝ կապված կաթոլիկ եկեղեցուն միլիոնավոր դոլարների վնաս հասցրած կաշառակերությունն իր կողմից բացահայտման հետ: Պրելատը՝ արքեպիսկոպոս Կարլո Մարիա Վիգանոն, այնուամենայնիվ տեղափոխվել է և այժմ կատարում է Վաշինգտոնում Վատիկանի դեսպանի պարտականությունները:

Նուցին մայիս ամսին հրապարակել էր նոր փաստաթղթերի հիման վրա գրված մի ամբողջ գիրք, ներառյալ պապի անհատական նամակագրություն իր անձնական քարտուղարի հետ:
XS
SM
MD
LG