Մատչելի հղումներ

Հռոմի պապը բոլորին խաղաղարար դառնալու կոչով է դիմել


Հռոմի պապը կոչ է արել նաև պաշտպանելու շրջակա միջավայրը «մարդկանց ագահությունից և անկշտությունից»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, առաջին անգամ որպես Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ նշելով Սուրբ Ծննդյան տոնը, չորեքշաբթի օրը հանդես է եկել աշխարհում երկխոսություն անցկացնելու, ինչպես նաև Հարավային Սուդանում շարունակվող և աշխարհի բոլոր պատերազմները դադարեցնելու կոչով՝ ասելով, որ բոլորը պետք է անձամբ դառնան խաղաղարար:

Հանդես գալով Սբ. Պետրոսի տաճարի պատշգամբից տասնյակ հազարավոր հավատացյալների առջև՝ Հռոմի պապը, բացի այդ կոչ է արել պաշտպանել շրջակա միջավայրը «մարդկանց ագահությունից և անկշտությունից»:

«Քաղաքին և աշխարհին» սուրբծննդյան իր առաջին ուղերձում 1,2 միլիարդ հետևորդ ունեցող Կաթոլիկ եկեղեցու հովվապետը հիմնականում անդրադարձել էր աշխարհում խաղաղություն հաստատելու թեմային՝ հորդորելով «սոցիալական ներդաշնակություն հաստատել Հարավային Սուդանում, որտեղ առկա լարվածությունն արդեն իսկ դարձել է բազմաթիվ զոհերի պատճառն ու երիտասարդ այս պետությունում վտանգում է խաղաղ գոյակցությունը»:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, բացի այդ, կոչ է արել դադարեցնել Սիրիայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում և Իրաքում շարունակվող հակամարտությունները և աղոթել է Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացի բարեհաջող ավարտի համար:
XS
SM
MD
LG