Մատչելի հղումներ

Ավստրալացիները զգուշությամբ են վերաբերվում Չինաստանին


Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդն անցնում է Չինաստանի դրոշի կողքով (արխիվային լուսանկար)
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդն անցնում է Չինաստանի դրոշի կողքով (արխիվային լուսանկար)

Հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը համոզվածություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Չինաստանը կփոխարինի Միացյալ Նահանգներին աշխարհի առաջատար գերտերության դիրքում

Հասարակական կարծիքների երկուշաբթի օրը հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն, Ավստրալիայի բնակիչների ավելի քան 40 տոկոսը կարծում է, որ գալիք մի քանի տասնամյակի ընթացքում Չինաստանը ռազմական սպառնալիքի կվերածվի:

«Լոուի Ինստիտուտ» հետազոտական անկախ կազմակերպության կողմից ամենամյա հետազոտության համաձայն, ավստրալացիներից շատերը կարծում են նաև, որ իրենց կառավարությունը թույլ է տալիս, որ Չինաստանից չափազանց շատ ներդրումներ կատարվեն Ավստրալիայում:

Չնայած այս մտավախությունների, հարցումը ցույց է տալիս նաև, որ ավստրալացիները կարևորում են Չինաստանի հետ առևտրային առկա հարաբերությունները:

«Ավստրալացիների մեծ մասի կարծիքով, երկրի կառավարությունը թույլ է տվել Չինաստանին չափազանց մեծ ծավալների ներդրումներ կատարել: Հետաքրքրական է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանն այժմ Ավստրալիայի առևտրային ամենախոշոր գործընկերն է, որ զգալի փոքրամասնությունը կարծում է, որ գալիք 20 տարվա ընթացքում Չինաստանն ըստ էության ռազմական վտանգ կներկայացնի Ավստրալիայի համար: Այսպիսով, սա զգուշության և հակասությունների վրա հիմնված հարաբերություն է», - ասել է «Լոուի Ինստիտուտ»-ի գիտաշխատող Ալեքս Օլիվերը:

Հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը համոզվածություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Չինաստանը կփոխարինի Միացյալ Նահանգներին աշխարհի առաջատար գերտերության դիրքում, իսկ 12 տոկոսը համոզվածություն է հայտնել, որ դա արդեն տեղի է ունեցել:

Հարցման համաձայն, Ավստրալիայի բնակիչներն ամենից կարևոր են համարում Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների հետ առկա հարաբերությունները, իսկ ամենամեծ կասկածանքով վերաբերվում են Ինդոնեզիային, Իսրայելին, Բիրմային, Իրանին և Հյուսիսային Կորեային:

Ավստրալիայի բնակիչների շրջանում «Լոուի Ինստիտուտ»-ի կողմից արտաքին քաղաքականության և օտար երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքի վերաբերյալ անցկացված հարցմանը մասնակցել է մոտ մեկ հազար մարդ:
XS
SM
MD
LG