Մատչելի հղումներ

Ամերիկացիների միայն 5 տոկոսն է սատարում ԱՄՆ-ի Կոնգրեսի գործունեությունը


Հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների գնալով աճող թիվը մեղադրում է հանրապետականներին երկրում պետական հաստատությունների գործունեության շարունակվող մասնակի դադարեցման մեջ

Հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների գնալով աճող թիվը մեղադրում է հանրապետականներին երկրում պետական հաստատությունների գործունեության շարունակվող մասնակի դադարեցման մեջ: Նույն հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ օրենսդիրների գործունեության հավանության ցուցանիշը կազմում է հինգ տոկոս:


«Ասոիշիեյթիդ Փրես» և «GfK» կազմակերպությունների կողմից անցկացված հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են չորեքշաբթի օրը, հարցման ավելի քան 1000 մասնակիցների 62 տոկոսը հայտնել է, որ ԱՄՆ-ում պետական մարմինների գործունեության մասնակի դադարեցման համար պատասխանատվություն են կրում հանրապետականները:

Հարցման մասնակիցների մոտ կեսն իրենց հերթին նշել է, որ այս երևույթի համար պատասխանատու են ԱՄՆ-ի դեմոկրատները կամ նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգների կոնգրեսականների գործունեությունը հավանության է արժանացրել «Ասոիշիեյթիդ Փրես»-ի և «GfK»-ի կողմից անցկացված հարցման մասնակիցների ընդամենը հինգ տոկոսը:

Նախագահ Օբաման նախօրեին փորձել էր վստահեցնել աշխարհի պետություններին, որ Միացյալ Նահանգները միշտ հնարավորություն կունենա վճարել կատարված փոխառությունների դիմաց:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օբաման ասել է, թե որոշ կոնգրեսականների կողմից արվող հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ի պարտքային ճգնաժամը վնաս չի հասցնի տնտեսությանը, մտահոգություններ են առաջացնում ներդրողների շրջանում:

Նախագահ Օբաման հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին հստակ և առանց որևէ նախապայմանների քվեարկություն անցկացնել պետական փոխառությունների վերին շեմի բարձրացման շուրջ:

Միացյալ Նահանգների կողմից գալիք մի քանի օրվա ընթացքում պետական փոխառությունների վերին շեմը չբարձրացնելու վտանգի մասին զգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամը, որի համաձայն նման զարգացումների դեպքում համաշխարհային ֆինանսական համակարգում սպասվում են մեծ ցնցումներ:

ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշարի համաձայն, Միացյալ Նահանգներում պարտքային ճգնաժամի ծավալումը կարող է կործանարար լինել համաշխարհային ֆինանսական համակարգի համար:
XS
SM
MD
LG