Մատչելի հղումներ

Ռուսաստանում գրանցվել է հակաամերիկյան տրամադրությունների ռեկորդային ցուցանիշ. հարցում


Հայաստանը չորրորդ տեղում է՝ Ռուսաստանի ամենամոտ բարեկամ և դաշնակից պետությունների շարքում

Հասարակական կարծիքի ուսումնասիրության ոլորտում Ռուսաստանում գործող գործակալություններից մեկի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, Ռուսաստանում գրանցվել է հակաամերիկյան տրամադրությունների ռեկորդային նոր ցուցանիշ:

Հարցման մասնակիցների 71 տոկոսը «ընդհանուր առմամբ վատ» կամ «շատ վատ» է գնահատել տրամադրվածությունը Միացյալ Նահանգների նկատմամբ:

«Լևադա կենտրոնի» կողմից հինգշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ այս տարվա մայիսի վերջին անցկացված հարցման մասնակիցների ցուցանիշը, որոնք վատ են վերաբերվում Միացյալ Նահանգներին, գրանցել է տասը տոկոսի աճ՝ համեմատած այս տարվա մարտ ամսին անցկացված նման հարցման արդյունքներին:

Պատասխանելով այն հարցին, թե որ երկրին է ամենից «ոչ բարեկամական» կամ «թշնամաբար» տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, հարցման մասնակիցների 69 տոկոսն նշել է Միացյալ Նահանգները, սակայն ընդամենը 30 տոկոսն է նշել Ուկրաինան, որտեղ շարունակվում են բախումներն այս երկրի անվտանգության ուժերի և ռուսաստանամետ անջատողականների միջև:

Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից հետո «Լևադա կենտրոնի» հարցման մասնակիցները որպես Ռուսաստանի նկատմամբ ամենից թշնամաբար տրամադրված պետություններ անվանել են Բալթյան երեք երկրները: Այսպես, հարցման մասնակիցները Ռուսաստանի նկատմամբ ամենից թշնամաբար տրամադրված են գնահատել Լիտվան՝ 25 տոկոս, Լատվիան՝ 23 տոկոս, և Էստոնիան՝ 21 տոկոս:

Հասարակական կարծիքի հետազոտության արդյունքների համաձայն, որպես Ռուսաստանի ամենամոտ բարեկամ և դաշնակից պետություններ առաջատար դիրքերում են Բելառուսը՝ 51 տոկոս, Չինաստանը՝ 40 տոկոս, և Ղազախստանը՝ 37 տոկոս: Հայաստանն այս պետությունների շարքում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 15 տոկոս ցուցանիշով:
XS
SM
MD
LG