«Հնդկաստանում երեխաների թերսնման խնդիրը համազգային խայտառակություն է. մինչև հինգ տարեկան երեխաների 42 տոկոսի քաշը պակաս է նորմայից»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը՝ երեքշաբթի օրը ներկայացնելով երկրում անցկացված սովի և թերսնման ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրության անցկացման ընթացքում Հնդկաստանի ինքը նահանգում հետազոտվել է 73 հազար ընտանիք:
Սովի և թերսնման ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ մայրական հղիության և կյանքի առաջին տարիների ընթացքում սննդի անբավարարության պատճառով երեխաների գրեթե 60 տոկոսի աճը թերի է ընթանում:
Հնդկաստանի վարչապետի հայտարարության համաձայն, ուսումնասիրության հրապարակված արդյունքները «և՛ անհանգստացնող, և՛ ոգեշնչող են», քանի որ ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ թերսնման մակարդակն անկում է ապրել, սակայն այդ անկումը դանդաղ է ընթանում՝ վերջին յոթ տարվա ընթացքում տարեկան երեք տոկոսից պակաս արագությամբ:
Չնայած Հնդկաստանի արագ զարգացող տնտեսության, 2010 թվականի Սովի գլոբալ ցուցիչի տվյալների համաձայն, սովի մակարդակով այս երկիրը զբաղեցրել է ցուցիչի մեջ ընդգրկված 84 պետություններից 67-րդ տեղը՝ հետ մնալով Սահարայից դեպի հարավ գտնվող բազմաթիվ պետություններից:
Հնդկաստանի վարչապետի կողմից ներկայացված ուսումնասիրությունն անցկացվել է «Թերսնման դեմ քաղաքացիների դաշինքի Նաանդի հիմնադրամ» շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից: