Մատչելի հղումներ

Նիդեռլանդների թանգարանից առևանգվել է հայտնի նկարիչների յոթ ստեղծագործություն


Առևանգված նկարների թվում են Պիկասոյի, Մատիսի և Մոնեի ստեղծագործությունները

Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնել է Ռոտերդամ քաղաքի թանգարանից հանրահայտ նկարիչների, այդ թվում՝ Պիկասոյի, Մատիսի և Մոնեի յոթ ստեղծագործությունների առևանգման մասին:

Չարագործներին հաջողվել է առևանգել համաշխարհային արվեստի գլուխգործոցները երեքշաբթի երեկոյան: Նրանց գործողությունների արդյունքում հնչել է թանգարանում տեղադրված ահազանգի համակարգի ազդանշանը, սակայն հանցագործները հեռացել են՝ ոստիկանության ուժերի ժամանելուց առաջ:

Գեղարվեստական արվեստի ստեղծագործությունների այս առևանգումը Նիդեռլանդներում վերջին տարիներին տեղի ունեցած նման առևանգումներից ամենախոշորն է:

Իշխանությունների համաձայն, իրավապահ մարմիններն ուսումնասիրում են թանգարանի տեսագրությունները և դիմել են բոլոր ականատեսներին՝ տեղեկությունները տրամադրելու կոչով: Նրանց համաձայն, առևանգման իրականացումը հնարավոր է դարձել լավ պլանավորված գործողության արդյունքում:

Գեղարվեստի մասնագետների համաձայն, առևանգված նկարների աճուրդային արժեքը կարող է կազմել մի քանի տասնյակ միլիոն դոլար: Նրանք սակայն նշում են, որ ճանաչված նման աշխատանքները, որոնք, բացի այդ, որպես գողացված են գրանցվել, գրեթե անհնար կլինի վաճառել բաց շուկայում: Որոշ կարծիքների համաձայն, ստեղծագործություններն առևանգված անձինք կարող են փրկագին նշանակել:

Առևանգված յոթ նկարների թվում են Պաբլո Պիկասոյի «Ծաղրածուի գլուխը», Անրի Մատիսի «Սպիտակ և դեղին հագուստներով կարդացող աղջիկը», Կլոդ Մոնեի «Վատերլոյի կամուրջ, Լոնդոն» և «Շերինգ Քրոսի կամուրջ, Լոնդոն», Փոլ Գոգենի «Աղջիկը բաց պատուհանի մոտ», Մեյեր դե Հաանի «Ինքնադիմանկար» և Լուսիան Ֆրոյդի «Աչքերը փակ կինը» նկարները:
XS
SM
MD
LG