Մատչելի հղումներ

Գեներալ Փեթրեուսը հանձնել է հրամանատարությունն Աֆղանստանում


Գեներալ Փեթրեուսը հանձնել է հրամանատարությունն Աֆղանստանում

Միացյալ Նահանգների զինված ուժերի գեներալ Դեյվիդ Փեթրեուսը, որը մեկ տարվա ընթացքում զբաղեցրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնը, այսօր պաշտոնապես հանձնել է միջազգային ուժերի հրամանատարությունը ԱՄՆ-ի զինված ուժերի գեներալ Ջոն Ալենին։

Հրամանատարության փոխանցման արարողությունն անցկացվել է երկուշաբթի օրը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։

Գեներալ Ալենը նոր պաշտոնը ստանձնելուց առաջ զբաղեցրել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Արարողության ժամանակ նա ասել է, որ ցանկանում է տեսնել, թե ինչպես է Աֆղանստանը դառնալու անվտանգ և կայուն երկիր՝ ազատ ծայրահեղականությունից և ահաբեկչությունից։

Գեներալ Փեթրեուսը, թողնելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարի պաշտոնը, ստանձնելու է Կենտրոնական հետախուզական վարչության պետի պաշտոնը՝ փոխարինելով Լեոն Պանետային, որը նշանակվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Բամիան նահանգում մեկնարկել է Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունն աստիճանաբար փոխանցման երկրի անվտանգության ուժերին։

Նոր Զելանդիայի զինծառայողներից Աֆղանստանի ուժերին պատասխանատվության փոխանցումը նշանավորող արարողությունը կիրակի օրն անցկացվել է Բամիան նահանգում, որտեղ 2001 թվականին թալիբներին վտարելուց հետո լայնամասշտաբ ռազմական գործողություն չի իրականացվել։

Բամիան նահանգն առաջինն է յոթ այն տարածքներից, որտեղ փոխանցման սկզբնական փուլում երկրի անվտանգության ուժերն են ապահովելու անվտանգությունը։

ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանի զինուժին և ոստիկանությանը երկրում անվտանգության ապահովման համար պատասխանատվության փոխանցման գործընթացը, որը նախատեսվում է ավարտի հասցնել 2014 թվականին, իրականացվելու է աստիճանաբար։ Այս գործընթացի արդյունքում երկրում տեղակայված օտարերկրյա զինծառայողների հիմնական մասը հնարավոր կլինի վերադարձնել իրենց երկրներ։

Անցյալ ամիս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել գալիք 14 ամիսվա ընթացքում Աֆղանստանում տեղակայված Միացյալ Նահանգների 100 հազար զինծառայողներից 33 հազարին երկրից դուրս բերելու մասին հայտարարությամբ։ Գերմանիայի իշխանությունները, հանդես գալով նման հայտարարությամբ, հայտնել են Աֆղանստանում տեղակայված հինգ հազար զինծառայողի թիվը մինչև այս տարվա վերջը նվազեցնելու համար։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել էր, որ իր երկրի զինծառայողները Միացյալ Նահանգների զորքերի նույն համամասնությամբ և ժամանակացույցով են հանվելու Աֆղանստանից, որտեղ տեղակայված է Ֆրանսիայի չորս հազար զինծառայող։

Մեծ Բրիտանիան մինչև 2012 թվականն Աֆղանստանից դուրս է բերելու 500 զինծառայող՝ նվազեցնելով երկրում իր զինծառայողների ներկայությունը մինչև ինը հազար մարդ։

XS
SM
MD
LG