Մատչելի հղումներ

Պենտագոնը հանել է մարտական գործողություններում կանանց մասնակցության արգելքը


Չեղյալ է հայտարարվել մարտական գործողություններին կանանց մասնակցությունը բացառող՝ 1994 թվականից գործող կանոնը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան դադարեցրել է Միացյալ Նահանգների զինված ուժերում գործող կանոնը, որի համաձայն կանայք չէին կարող մասնակցել մարտական գործողությունների:

Պանետան հինգշաբթի օրը ստորագրել է պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց առաջ իր վերջին հրամանագրերից մեկը, որով չեղյալ է հայտարարվել մարտական գործողություններին կանանց մասնակցությունը բացառող՝ 1994 թվականից գործող կանոնը:

«Չեղյալ ենք համարում ցամաքային ուղղակի մարտական գործողություններին կանանց մասնակցությունը բացառող կանոնը՝ շարժվելով ռազմական ծառայության մեջ սեռի հիման վրա ընդունված ոչ անհրաժեշտ բոլոր խոչընդոտները վերացնելու ծրագիր իրականացման ուղղությամբ», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:

Սպասվում է, որ նման որոշում կայացնելու արդյունքում կանանց համար հասանելի կդառնան ռազմաճակատում մարտական գործողությունների մասնակցության հետ կապված հազարավոր աշխատատեղեր:

Նախարար Պանետան և ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ Աֆղանստանում և Իրաքում վերջին տասնամյակի ընթացքում վարվող պատերազմին իրենց տղամարդ գործընկերների հետ միասին կանանց մասնակցությունն էր դարձել հնացած քաղաքականության վերանայման պատճառը:

«Նրանք միասին են պայքարում և զոհվում, և եկել է ժամանակը, որպեսզի մեր քաղաքականության մեջ արտացոլվի այս իրականությունը», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:
XS
SM
MD
LG