Միացյալ Նահանգներում ածխածնի երկօքսիդի արտանետման մեկ հինգերորդն արտադրում են բնակելի տները, մեծ մասամբ ջեռուցման և օդորակման համար օգտագործվող էլեկտրականության պատճառով: Սակայն հնարավոր է կտրուկ կրճատել արտանետումներն և դրանց պատճառով առաջացող ծախսը:
Այստեղ արևային կամ երկրաջերմային սարքեր և հողմաղացներ չկան: Սակայն մայրաքաղաք Վաշինգտոնի արվարձանում կառուցված այս տունը կանաչ է, քանի որ էներգիայի պահանջարկը կրճատվում է բացարձակ նվազագույնի:
Դեվիդ Փիբըդին «Փիբըդի արքիթեքթս» իր խմբի հետ առաջին նման տունն է նախագծել Վաշինգտոնի շրջակայքում։ «Պասիվ» կոչվող այս տները հերմետիկ են, ինչի շնորհիվ գրեթե 90 տոկոսով կրճատվում է ջեռուցման և սառեցման ծախսը: Սակայն այս տունը մնացած կանաչ տներից տարբերվում է իր տեսքով:
«Պասիվ տունը կառուցվում է սովորական եղանակով։ Այդ պատճառով էլ որոշեցինք կառուցել ավանդական ամերիկյան ճարտարապետական ոճ ունեցող տուն», - ասում է Փիբըդին:
«Փիբըդի արքիթեքթս» ընկերությունը Վաշինգտոնի շրջակայքում պասիվ տուն կառուցած առաջին, սակայն ոչ վերջին ընկերությունն է: Մոտակա Արլինգտոն քաղաքում Ռոջեր Լինն իր եղբոր հետ նման տուն է կառուցում:
«Շատ մեկուսիչ նյութերի կիրառությունը ցանկալի է : Սա 5 սանտիմետր հաստությամբ փրփրատախտակ է: Այն ապահովում է տան մեկուսացումն ամբողջությամբ՝ մինչև հիմք», - ասում է Լինը:
Նույնիսկ պատուհաններն են հերմետիկ, երբ փակվում են, դրանց շուրջը փրփուր է, ինչը խոչընդոտում է օդի մուտքը, իսկ ապակին՝ եռաշերտ:
Քեթլին Հարիսոնը ոգևորված է, որ իր հարևանությամբ պասիվ տներ են գոյանում:
«Ես ոգևորված եմ, որ Միացյալ Նահանգներում պասիվ տներ են կառուցվում, և դրանք շատ բան են համատեղում Գերմանիայում ձեռք բերած փորձից: Ես հասկանում եմ դա, քանի որ ընտանիքս այնտեղ շինարարական գործով է զբաղվում»,- ասում է Հարիսոնը:
Տունն այնքան հերմետիկ է, որ նույնիսկ ձմռան այս օրերին, երբ դրսում 4 աստիճան ցելսիուսի ջերմաստիճան է, տան ներսում ջերմաստիճանը, նույնիսկ կիսակառույց վիճակում, մոտ 12 աստիճան է:
Ճարտարապետ Դեվիդ Փիբըդին ասում է, որ պասիվ տներն աշխարհում ամենուր են կառուցվում:
«Հյուսիասյին Աֆրիկայում, օրինակ, պասիվ տների համայնք կա նախագծված շատ շոգ և չոր կլիմայի համար: Դա լրիվ նոր հնարավորություն է պասիվ տների համար», - ասում է Փիբըդին:
Առաջին պասիվ տունը Գերմայիա Դարմշտադ քաղաքում գրեթե 20 տարի առաջ կառուցված բնակելի շենք է եղել, որոնք կառուցվել են երկու ֆիզիկոսի օգնությամբ, որոնցից մեկը հիմնադրել է Դարմշտադում պասիվ տների ինստիտուտը:
«Նրանք մշակել են մեթոդաբանություն, նաև էներգիան մոդելավորող ծրագիր, որը օգտագործելի էր դարձել սովորական ճարտարապետի համար», - նշում է Փիբըդին:
Բացի օգտագործվող մասնագիտացված նյութերից՝ ցեմենտե վահանակներից, օդափոխիչ սարքից կամ մեկուսիչ տախտակներից, պասիվ տուն կառուցելու ընդհանուր ծախսը միայն 5-ից 8 տոկոս է բարձր սովորական տան կառուցման ծախսից: Սակայն պասիվ տունը օգտագործում է սովորական տան ծախսվող էլեկտրականության ընդամենը 10 տոկոսը, ինչը կարող է բավականին արագ ծախսել սկզբնական ներդրումները։