Մատչելի հղումներ

 
Զուգահեռ բանակցություններ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Զուգահեռ բանակցություններ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ


Իրանում հունիս ամսին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որևէ առաջընթաց սակայն չի ակնկալվում

Իրանի միջուկային ծրագիրը չորեքշաբթի օրը հայտնվել է երկու առանձին հանդիպումների ուշադրության կենտրոնում, սակայն այդ երկրում հունիս ամսին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որևէ առաջընթաց չի ակնկալվում:

ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը Վիեննայում Իրանի պաշտոնյաների հետ անցկացնում է բանակցություններ, որոնք անցյալ տարվա սկզբից դարձել են նման արդեն տասերորդ հանդիպումը: ՄԱԿ-ի քննիչները միաժամանակ շարունակում են միջոցներ որոնել՝ դեպի Իրանի միջուկային հաստատություններ և միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթեր մուտք ստանալու ուղղությամբ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ավագ տեսուչ Հերման Նեքերթսը չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպումից առաջ ասել է լրագրողներին, թե «կողմերի միջև պահպանվում են տարաձայնությունները, սակայն գործակալությունը պատրաստ է շարունակել երկխոսությունը»:

ԱԷՄԳ-ը մտահոգություն ունի Իրանի կողմից միջուկային զենքի մշակման հնարավորությամբ և ցանկանում է, որպեսզի իր քննիչներն այցելեն Իրանի Փարչին ռազմակայանը՝ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով: Իրանը սակայն պնդում է, թե Փարչինում գտնվում է սովորական մի ռազմակայան, և որ երկրի միջուկային ծրագիրը զուտ խաղաղ բնույթի է:

Այս ընթացքում Ստամբուլում անցկացվում են բանակցություններ Իրանի միջուկային գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլիի և ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի միջև:

Վերլուծաբանների համաձայն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն մեկ տասնամյակ շարունակվող փակուղային վիճակում ամենայն հավանականությամբ որևէ փոփոխություն չի գրանցվի նախքան Իրանում այս տարվա հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունները:
XS
SM
MD
LG