Մատչելի հղումներ

«Ֆուկուշիմայի միջուկային աղետը մարդածին է եղել»


Ֆուկուշիմա ատոմակայանի վնասված ռեակտորներից մեկը (արխիվային լուսանկար)
Ֆուկուշիմա ատոմակայանի վնասված ռեակտորներից մեկը (արխիվային լուսանկար)
Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորներից կազմված հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Ֆուկուշիմայի ատոմակայանում անցյալ տարի ծավալված միջուկային աղետն ունեցել է մարդածին պատճառներ:

Վեց ամիս տևած հետաքննության արդյունքում մշակված զեկույցում նշվել է, որ ինչպես կառավարությունը, այնպես էլ ատոմակայանը շահագործող «Tokio Electric Power Company» ընկերությունը թերացել են կանխատեսել և կանխարգելել Ուկրաինայի Չերնոբիլ քաղաքում 1986 թվականին ծավալված իրադարձությունների ժամանակից ամենախոշոր միջուկային աղետը:

Հանձնաժողովի կողմից իրականացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ պաշտոնյաները «կանխամտածված հետաձգել էին Ֆուկուշիմայի ատոմակայանը ուժգին երկրաշարժից և ցունամիից պաշտպանելու հնարավորություն տվող միջոցառումների իրականացումը»:

Մինչև այժմ հրապարակված՝ ամենախիստ ձևակերպումները պարունակող զեկույցում մասնագետները շեշտել են, որ Ֆուկուշիմայի վթարը «անհնար է դասել բնական աղետների շարքում», իսկ դրա հետևանքները «հնարավոր էր վերացնել՝ արձագանքի առավել արդյունավետ աշխատանքներ կազմակերպելու միջոցով»:

Ճապոնիայի խորհրդարանի կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցը կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրում ատոմային էներգետիկայի ապագայի վրա, որի մասնաբաժինը երկրի էներգաարտադրության ընդհանուր ծավալում կազմել է մոտ 30 տոկոս:

Հետաքննության ընթացքում Ճապոնիայի պաշտոնյաների հետ, ներառյալ երկրի վարչապետ Նաոտո Կանի և «TEPCO» ընկերության նախկին նախգահ Մասատակա Շիմիզուի հետ, անցկացվել է 1100 հարցազրույց և ավելի քան 900 ժամ լսումներ:

Հետաքննչական հանձնաժողովի նախագահ Կիոշի Կուրոկավան վստահություն է հայտնել, որ հանձնաժողովը մանրամասն հետաքննություն է անցկացրել:

«Մենք կարողացել ենք զեկույցը կազմել վեց ամսվա ժամկետում: Չնայած դա բավականին կարճ ժամկետ է, սակայն այս ընթացքում իրականացվել է մանրամասն հետաքննություն, ինչպես նաև հետաքննության արդյունքների ստուգման աշխատանքներ», - ասել է հանձնաժողովի նախագահը:

Վերջնական զեկույցի արդյունքները շատ չեն տարբերվել խորհրդարանի հանձնաժողովի նախկին զեկույցից, որտեղ քննադատության է ենրթակվել «TEPCO» ընկերությունը` անիրազեկության, և Ճապոնիայի կառավարությունը` աղետի մասին հասարակությանն անհապաղ չտեղեկացնելու համար:
XS
SM
MD
LG