Մատչելի հղումներ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը դժվարություն է ներկայացնում


Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը դժվարություն է ներկայացնում
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը դժվարություն է ներկայացնում

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը Միացյալ Նահանգներում քաղցկեղի հետ կապված մահացության պատճառներից չորրորդն է: Ուռուցքաբաններն ասում են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը դժվար է բուժել, քանի որ այն դժվար է ախտորոշել: Օրգանը գտնվում է որովայնի խոռոչի խորքում, ուստի ախտանիշերն ակնհայտ են դառնում հիվանդության ուշ շրջանում:

Բջիջների նյարդաէնդոկրինային ուռուցքը կազմում է ենթաստամոքսային քաղցկեղի դեպքերի հինգ տոկոսը: Այն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկող բջիջների վրա: Առավել մահացու և տարածված տեսակը վնասում է ենթաստամոքսային գեղձի արտազատիչ այն բջիջները, որոնք մարսողական ֆերմենտներ են արտադրում:

Ենթաստամոքսային գեղձը 15 սանտիմետր երկարություն ունեցող գեղձ է, որ գտնվում է ստամոքսի հետևում` լյարդի ներքևում: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը դժվար է ախտորոշել, քանի որ վաղ շրջանում ակնհայտ ախտանիշեր չկան: Ջորջ Վաշինգտոն հիվանդանոցի բժիշկ, ուռուցքաբան Խալեդ էլ-Շամիի համաձայն, ենթաստամոքսային գեղձի ախտորոշման համար չկա նախնական հետազոտման այնպիսի եղանակ, ինչպիսին են մամոգրաֆիան կրծքի քաղցկեղի դեպքում կամ արյան մակարդակի ստուգումը` շագանակագեղձի քաղցկեղի դեպքում:

Բժիշկ էլ-Շամիի համոզմամբ, ենթաստամոքսային գեղձի դեպքում հաճախ անհրաժեշտ է կատարել լյարդի փոխպատվաստում, քանի որ քաղցկեղը կարող է տարածվել:

«Նյարդաէնդոկրին ուռուցքը հակված է տարածվելու ենթաստամոքսից լյարդում, և քանի որ լյարդը կենսական նշանակություն ունեցող օրգան է, լյարդից քաղցկեղի հեռացումը կարող է բարելավել կենդանի մնալու հնարավորությունը: Լյարդի փոխպատվաստումը քաղցկեղը լյարդից հեռացնելու արմատական եղանակ է», - ասում է էլ-Շամին՝ զգուշացնելով, որ փոխպատվաստումը «հրաշագործ բուժում» չէ:

Շամիի համաձայն, փոխպատվաստումը «երկընտրանք է լյարդի միջից քաղցկեղի մեծ կտոր հեռացնելու և իմունային համակարգը թուլացնելու միջև, ինչը կարող է խրախուսել սկզբնական քաղցկեղի վերադարձը, նաև` այլ տեսակի քաղցկեղի առաջացումը”:

Օրգանի փոխպատվաստումը նվազեցնում է իմունիտետը, ինչը կարող է նոր խնդիրներ առաջացնել:

Մեթյու Ուոլշը Քլիվլենդի հիվանդանոցի Ընդհանուր վիրահատության բաժնի ղեկավարն է.

“Սա այն հիվանդությունն է, որ վերադառնում է, տարածվում, թուլացնում, ունի քաղցկեղի հետ կապված բոլոր ախտանիշերը, և մարդիկ մահանում են քաղցկեղի այս տեսակից”:

Չնայած Ուոլշը երբեք չի բուժել Ջոբսին և չգիտի նրա հիվանդության մանրամասները` նա ասում է, որ վիրահատությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

“Սնուցման տեսանկյունից, եթե մարմինը չի ընդունում ենթաստամոքսի ամբողջ ֆերմենտները, ապա կորցնում է քաշը, քանի որ չի ներծծում ամբողջ էական ճարպերը: Ուստի հնարավոր է, որ Ջոբսի վիճակը մասամբ պայմանավորված է վատ վիրահատությամբ, նաև լյարդի փոխպատվաստման հետ կապված այլ խնդիրներով` իմունային համակարգի ճնշման առումով, ինչը կարող է ազդել ուռուցքի աճի վրա”:

Բժիշկ էլ-Շամիի խոսքերով` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի որոշ տեսակներ կարող են պատահել ընտանիքում: Ծխելը և ալկոհոլի օգտագործումը փոխկապված են: Սակայն նա ասում է նաև, որ հիմնականում պատճառները հայտնի չեն:

XS
SM
MD
LG