Մատչելի հղումներ

Թալիբներ. «Պակիստանում զինադադար չի հայտարարվել»


Թալիբների կողմից նոյեմբերի 23-ին իրականացված հարձակման զոհերից մեկը
Թալիբների կողմից նոյեմբերի 23-ին իրականացված հարձակման զոհերից մեկը

Պակիստանում գործող թալիբները հերքել են զինադադար հայտարարելու և Պակիստանի իշխանությունների հետ բանակցությունների սեղան նստելու մասին լուրերը և պատասխանատվություն ստանձնել ոստիկանության բաժանմունքի վրա իրականացված հարձակման համար:

Մոտ մեկ տասնյակ զինյալ չորեքշաբթի օրը հարձակում են իրականացրել հյուսիս-արևմուտքում գտնվող Դերա Իսմալի Խան քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա, որի զոհ է գնացել ոստիկանության երկու, վնասվածքներ ստացել՝ չորս ծառայող:

Պակիստանի թալիբների խոսնակ Էհսանուլլահ Էհսանը նույն օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով այս խմբավորման կողմից կառավարության հետ բանակցություններ անցկացնելու մասին լուրերը:

Էհսանը հայտնել է լրագրողներին, որ եթե թալիբները զինադադար հայտարարած լինեին, ապա ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում չէր իրականացվի:

Պակիստանի զինված ուժերն ու ներքին գործերի նախարարությունը նույնպես հերքել են թալիբների հետ բանակցություններ անցկացնելու մասին լուրերը:

Զինված ուժերի խոսնակը երեքշաբթի օրն ասել է, որ նման լուրերն «անհիմն են և մտացածին»:

Երկրի ներքին գործերի նախարարն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի զինյալների հետ որևէ բանակցություն սկսելուց առաջ վերջիններս պետք է հանձնեն իրենց մոտ առկա զենքերը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներից մեկը հայտնել էր, թե ասյ երկրի իշխանությունները թալիբների հետ նախնական բանակցություններ են անցկացրել, որոնք նպատակ են հետապնդել նախապատրաստել Պակիստանում գործող թալիբների հետ խաղաղության բանակցությունների անցկացումը:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության հաղորդագրության համաձայն, նույն պաշտոնյան հայտնել էր նաև, թե բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվել են Աֆղանստանի հետ սահմանամերձ Հարավային Վազիրիստան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Նրա համաձայն, թալիբները մի քանի պահանջ էին առաջ քաշել, որոնցից է` բանտարկյալների ազատ արձակումը:

XS
SM
MD
LG