Մատչելի հղումներ

Պակիստանը վերաբացել է ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիները


ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, որ Պակիստանը ՆԱՏՕ-ին ապրանքներ առաքող ավտորաշասյուններից երկրի տարածքով տարանցման համար վճար չի գանձի

ԱՄՆ-ի և Պակիստանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում Պակիստանի տարածքով դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի պաշարները տեղափոխող բեռնատարները վերսկսել են բեռնափոխադրումները: Պակիստանի նավահանգստային Կարաչի քաղաքում վարորդներն ու այլ աշխատողները, որոնք դիմել են երկրի կառավարությանը՝ պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով, նախապատրաստում են ժամանակին անգործ կանգնած բեռնատար մեքենաները առաքումները տեղափոխելու համար:

Պակիստանի կառավարության չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում հավանության է արժանացել երկրի ռազմական հանձնաժողովի կողմից ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիները բացելու մասին նախորդ օրն ընդունված որոշումը: Իսլամաբադը հույս է հայտնել, որ մատակարարման ուղիների վերաբացումը կնպաստի Աֆղանստանում, որտեղից միջազգային զինված ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն մինչև 2014 թվականի ավարտը, անցումային գործընթացի հաջող իրականացմանը:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիների վերաբացման մասին նախնական հայտարարությունն արել է Պակիստանի իր գործընկեր Հինա Ռաբանի Խառի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:

Հինա Ռաբանի Խառի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ ցավում է ահաբեկչության դեմ պայքարում երկու պետությունների կողմից ունեցած զոհերի համար:
Քլինթընն ասել է նաև, որ Պակիստանի արտգործնախարարը հավաստիացրել է իրեն, որ ՆԱՏՕ-ին ապրանքներ առաքող ավտորաշասյուններից այս երկրի տարածքով տարանցման համար վճար չի գանձվի: Այս հարցը, ըստ հաղորդագրությունների, եղել է առաքման ուղիների վերաբացման շուրջ երկու պետությունների միջև մի քանի ամիս տևած բանակցություններում խոչընդոտ հանդիսացող հարցերից մեկը:

Պակիստանի իշխանությունները, բացի այդ, մի քանի ամիս որպես տարանցման ուղիների վերաբացման նախապայման պահանջել են, որ Միացյալ Նահանգները դադարեցնի Պակիստանում անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարվածները, ինչից Վաշինգտոնն անընդհատ հրաժարվել է: Պակիստանի իշխանությունները երեքշաբթի օրն այնուամենայնիվ նշել են, թե այս հարցը շարունակելու են բարձրացնել ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Պակիստանի իշխանությունները դադարեցրել էին դեպի Աֆղանստան տանող մատակարարման ուղիների գործողությունը՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի պատճառով Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջանում Պակիստանի 24 զինծառայողի մահվան, և չէին ընդունել ՆԱՏՕ-ի կողմից իրականացված հետաքննության արդյունքները, որոնց համաձայն այս պատահարը եղել էր երկու կողմերի թույլ տված սխալների արդյունքը: Միացյալ Նահանգներից Պակիստանը պահանջել է լիարժեք ներողություն խնդրել այս հարձակման իրականացման համար, սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաներն արտահայտել են միայն իրենց «ափսոսանքն ու ցավակցությունը»:
XS
SM
MD
LG