Մատչելի հղումներ

Պակիստանում ջրհեղեղներից տուժածներին համաճարակ է սպառնում


Օգնություն տրամադրող կազմակերպությունների պաշտոնյաների համաձայն, Պակիստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից տուժածներին սպառնացող վտանգներին ավելացել է համաճարակի վտանգը:

Ուրբաթ օրը նրանք հայտնել են, որ խմելու մաքուր ջրի պակասը և սանիտարական վատ պայմանները նպաստում են ստամոքսային վարակների, լուծի և մաշկային հիվանդությունների տարածմանը:

Օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատողները զգուշացրել են, որ ջրի միջոցով փոխանցվող, ինչպես նաև այլ հիվանդությունները, կարող են ավելացնել զոհերի թիվը, որն այժմ կազմում է 1600 հոգի:

Ուրբաթ օրը Պակիստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ շաբաթ օրը երկիր կժամանի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը` օգնություն ցուցաբերելու վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով:

ՄԱԿ-ը դիմել է անդամ երկրներին` անհապաղ օգնություն, ներառյալ սնունդ, կացարան և մաքուր ջուր տրամադրելու համար անհրաժեշտ 460 միլիոն դոլարի չափով գումար տրամադրելու խնդրանքով:

ՄԱԿ-ի խոսնակ Մաուրիցիո Ջուլիանոյի համաձայն, ջրհեղեղը վնաս է հասցրել Պակիստանի տարածքի գրեթե մեկ քառորդին:

XS
SM
MD
LG