Պակիստանի Բաջուր նահանգում շաբաթ օրն իրականացված հարձակման զոհ է դարձել՝ 45, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 100 մարդ։ Զոհվածների թվում կան նաև երեխաներ։
Փարաջա կրող մի կին, մոտենալով Պարենի համաշխարհային ծրագրի բաշխման կենտրոնի մոտ հավաքված մարդկանց մի խմբի, նռնակ է նետել նրանց վրա, ապա՝ պայթեցրել ինքն իրեն։
Պաշտոնատար անձանց համաձայն, Խառ քաղաքի պարենի բաշխման կենտրոնում իրականացված ահաբեկչական հարձակման զոհ են դարձել հիմնականում Սալարզայի ցեղախմբի ներկայացուցիչները։ Այս ցեղախումբն օժանդակություն է ցուցաբերել թալիբների դեմ մղվող ռազմական գործողություններին և նույնիսկ աշխարհազոր կազմել՝ զինյալների դեմ պայքարելու համար։
ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Պակիստանի հյուսիս–արևմուտքում ընդդեմ թալիբների պայքարող ցեղախմբի անդամների դեմ ուղղված հարձակումը՝ այն համարելով վիրավորական ոչ միայն Պակիստանի ժողովրդի, այլև ամբողջ մարդկության համար։