Պակիստանում պետական երկու գրասենյակների մոտ երկու ռումբի պայթյուններին զոհ է գնացել 56 մարդ։ Հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 8Օ մարդ։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարեւմտյան հատվածում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ։
Ինչպես տեղի ոստիկանությունն է հաղորդում, մահապարտ մի ահաբեկիչ մոտոցիկլով հարվածել է Յաքաղունդ գյուղի կառավարական գրասենյակին, որից հետո տեղի է ունեցել ավտոմեքենայում տեղադրված մեկ այլ ռումբի պայթյուն։
Սակայն ականատեսներից ոմանք ասում են, թե պայթյունն իրականացրել է միայն մեկ մարդ։
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ պետական մի շարք ծառայողներ անվաթոռներ ու բժշկական այլ ապրանքներ էին բաժանում տեղի բնակչությանը։ Ըստ պաշտոնական աղբյուրների, զոհերի մեջ կան նաեւ կանայք ու երեխաներ։
Պայթյունից հիմնովին ավերվել է մոտ 7Օ խանութ։ Փրկարարներն անց են կացնում փլատակների տակից մարդկանց հայտնաբերելու աշխատանքներ։ Պայթյունից վնասվել է նաեւ մոտակայքում գտնվող մի բանտ, ինչը թույլ է տվել 28 կալանավորների դիմել փախուստի։