Մատչելի հղումներ

«Օքսֆամ». «Աշխարհի ամենահարուստ 85 անձանց կարողությունը հավասար է աշխարհի բնակիչների կեսի ունեցվածքին»


«Օքսֆամ»-ի զեկույցի համաձայն, հարուստ էլիտաներն օգտագործում են իրենց ունեցած քաղաքական ազդեցությունը՝ հարկային ավելի ցածր տոկոսադրույքներ վճարելու, հարկերն օֆշորային գոտիներում թաքցնելու և իրենց շահերն այլ եղանակներով պաշտպանելու համար

«Օքսֆամ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, աշխարհի ամենահարուստ 85 անձանց կարողությունը հավասար է աշխարհի բնակիչների կեսի ունեցվածքին:

Այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է աշխարհում տիրող անհավասարության վերաբերյալ հրապարակած զեկույցում:

«Օքսֆամ»-ի զեկույցի համաձայն, հարուստ էլիտաներն օգտագործում են իրենց ունեցած քաղաքական ազդեցությունը՝ հարկային ավելի ցածր տոկոսադրույքներ վճարելու, հարկերն օֆշորային գոտիներում թաքցնելու և իրենց շահերն այլ եղանակներով պաշտպանելու համար, ինչը վնաս է հասցնում ավելի ցածր եկամուտ ունեցող մարդկանց:

Կազմակերպության հրապարակման մեջ նշված է, որ վերջին տասը տարվա ընթացքում Հնդկաստանում տասնապատկվել է միլիարդատերերի թիվը, մինչդեռ Եվրոպայում ֆինանսական խիստ խնայողության միջոցները հիմնականում ազդեցություն են գործել միջին և ցածր եկամուտներ ունեցող մարդկանց վրա:

Ըստ զեկույցի, Աֆրիկայում միջազգային կորպորացիաներն օգտագործում են քաղաքական ազդեցությունը՝ հարկերի վճարումից խուսափելու նպատակով, ինչը նվազեցնում է աղքատության դեմ պայքարին կառավարությունների կողմից տրամադրվող միջոցների հասանելիությունը:

«Օքսֆամ»-ը, որի զեկույցը հրապարակվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին ընդառաջ, հորդորել է համաժողովի մասնակիցներին աջակցություն ցուցաբերել միջին և ցածր եկամուտ ունեցող բնակիչներին օժանդակություն տրամադրելու նպատակով իրականացվող ծրագրերին, սատարել արդար աշխատավարձների հաստատումը, պայքարել հարկերից խուսափելու և ֆինանսական գաղտնիության դեմ:
XS
SM
MD
LG