Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դիտարկումն ընդհատվել է՝ կրակոցների պատճառով


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով ԵԱՀԿ-ի հերթական դիտարկման ընդհատման հետ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, ԵԱՀԿ-ի թիմերը՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, մասնակցել են շփման գծի հարավային մասում անցկացված դիտարկմանը:

«Շփման գծի երկու կողմերի հրամանատարների կողմից անվտանգության երաշխիքների սովորական փոխանակումից հետո, երկու կողմերում գտնվող ԵԱՀԿ-ի թիմերի անդամները կրակոցներ են լսել՝ դիտարկման կետին մոտենալուն պես: Անհնար է եղել պարզել, թե որ կողմից էին լսվել կրակոցները: Ելնելով անվտանգության և ապահովության նկատառումներից՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ստիպված է եղել ընդհատել դիտարկումը», - ասված է հաղորդագրության մեջ:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները գիտակցում են, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են ԵԱՀԿ-ի դիտարկմանն աջակցելուն, բարձր աստիճանի արհեստավարժություն են դրսևորում: Նրանք հավատացած են, որ այս բացառիկ և ցավալի դեպքը խափանում է այդ մարդկանց, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի աշխատանքը, ինչպես նաև 1994 թվականի մայիսի հրադադարի մասին համաձայնագրի գործողությունը: Համանախագահները համապատասխան մարմիններին կոչ են անում մանրամասն և անկողմնակալ հետաքննել այն», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
XS
SM
MD
LG