Մատչելի հղումներ

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կկայանա մինչև տարեվերջ». Իգոր Պոպով


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Ադրբեջան կատարվող այցի ընթացքում, ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի, համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևի հետ, որին ներկա էր նաև երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, կողմերը մտքեր են փոխանակել բանակցությունների հեռանկարների շուրջ», - ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:

Հանդիպումից հետո, Ադրբեջանի մամուլի փոխանցմամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է անցկացնել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Պոպովի համաձայն, երկու պետությունների նախագահների միջև հանդիպումը եղել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ այսօր անցկացված հանդիպման ընթացքում քննարկված առարկաներից մեկը:

«Համանախագահներն այսօր մեկնելու են Երևան: Նրանք այս հարցը կքննարկեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանում հարցի քննարկումից հետո կհրապարակվի համատեղ հայտարարություն: Հուսով ենք, որ հանդիպում հնարավոր կլինի անցկացնել մինչև տարեվերջ», - ասել է Իգոր Պոպովը:
XS
SM
MD
LG