Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հայտարարությամբ է հանդես եկել


«Արտգործնախարարները վերահաստատեցին համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը»

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ՝ դեսպաններ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հոկտեմբերի 27-ին համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը», - ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ի համանախագահները, ըստ հայտարարության, նախարարների հետ հանդիպման ընթացքում ընդգծել են կողմերի միջև լարվածությունը մեղմելու կարևորությունը:

«Արտգործնախարարները վերահաստատեցին համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը՝ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։ Նախարարները և համանախագահները համաձայնեցին շարունակել այդ գաղափարների քննարկումը համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում», - եզրափակում է ԵԱՀԿ-ի միջնորդների հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG