Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին


Մայիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշական համարելով ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 18-րդ տարեդարձի օրը համանախագահների այցը Երևան, նշեց, որ կրակի դադարեցումից հետո անցած տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ հնարավորություն են ունեցել մոտենալու հիմնախնդրի կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է կատարել՝ խոչընդոտելով համաձայնությունների ձեռքբերումը:

«Ադրբեջանն այս տարիներին չկարողացավ վեր կանգնել խնդիրը ուժի միջոցով լուծելու գայթակղությունից, և իր ժողովրդին խաղաղությանը պատրաստելու փոխարեն շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, շփման գծում սադրանքները, հսկայական ծավալներով սպառազինությունների ձեռքբերումը, ինչը խոչընդոտում է կարգավորման գործընթացը, վտանգում է փխրուն իրավիճակը տարածաշրջանում», - հավելեց նախարար Նալբանդյանը:

«Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սոչիում հունվարի 23-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունների իրականացմանը, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը», - եզրափակում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG