Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը

Հայաստանում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նոյեմբերի 5-ին հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները, ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության, Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

«Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների, և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանյանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
XS
SM
MD
LG