Մատչելի հղումներ

Հայաստան այցելած ԵԱՀԿ-ի գործող նախագահը զսպվածության կոչ է արել


«ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը այսօր Երևանում կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից և ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից»:

Այս մասին նշվել է ԵԱՀԿ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում, որտեղ նշվել է նաև, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահը խստորեն դատապարտել է բռնության վերջին միջադեպերը:

«Այս հակամարտությունը չի կարգավորվի ուժի կիրառման ճանապարհով: Բռնության շրջանին պետք է վերջ տալ», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո` հավելելով. «Այս նույն ուղերձը ես կփոխանցեմ Ադրբեջանին հինգշաբթի օրը: Վստահություն ձևավորելու ժամանակը եկել է. սա ներգրավված բոլոր կողմերից պահանջում է կամք և նվիրվածություն` խաղաղության հասնելու համար»:

«Մենք Իռլանդիայում շատ լավ գիտենք հակամարտության ավերիչ արժեքը: Եվ մենք գիտենք, թե որքան դժվար է լուծել նման իրավիճակները», - ասել է Գիլմորը` վերհիշելով Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացը: «Մեր փորձից ելնելով` շատ կարևոր է ունենալ հստակ և վճռական քաղաքականություն` բռնությանը կամ վրեժխնդիր լինելու գայթակղությանը տեղի չտալու համար: Պահանջվում է քաջություն, հաստատակամություն ու բովանդակալից ներգրավվածություն»:

Հաղորդագրության համաձյան, նախագահը շեշտել է իր աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Ըստ Գիլմորի, ԵԱՀԿ-ն կարող է օգնել պետությունների և ժողովուրդների միջև եղած տարբերությունները կամրջելու հարցում: «Մենք կարող ենք երկխոսության ֆորում ապահովել և օգնել կողմերին ամրապնդել հրադադարի ռեժիմը ու գտնել բանակցված լուծում: Սակայն, որպեսզի առաջընթաց լինի այս երկարատև հակամարտության լուծման հարցում, կողմերը պետք է էլ ավելի առաջ գնան լուծման ուղղությամբ ընդհանուր սկզբունքների վրա իրենց աշխատանքի հարցում, հեռացնեն դիպուկահարներին շփման գծից, համաձայնության գան ճակատային գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ և ուղիներ գտնեն մարդկանց միջև անմիջական շփումները զարգացնելու ուղղությամբ Նախագահների կողմից կայացված վերջին համաձայնագրի կատարման համար», - ասաց նա` ընդգծելով վստահության ձևավորման միջոցառումների անհրաժեշտությունը:

Նույն օրն ավելի ուշ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմի տարածված հաղորդագրության համարաձյան, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ներքաղաքական զարգացումներին, արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում արձանագրված միջադեպերին:

Ըստ հաղորդագրության, ԵԱՀԿ-ի գործող նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և անվտանգ կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար կարևոր է հավատարիմ լինել կարգավորման հիմնարար սկզբունքներին: Էյմոն Գիլմորի խոսքով, ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների ետևում և աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքին՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու գործում: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն մերժում է ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը և գտնում է, որ հարցի կարգավորման ռազմական լուծում չի կարող լինել:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը մտահոգություն է հայտնել սահմանին և շփման գծի երկայնքով վերջին շրջանում արձանագրված միջադեպերի կապակցությամբ և նշել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են նման միջադեպերի կանխարգելմանն ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

XS
SM
MD
LG