Մատչելի հղումներ

«12 տարվա ստրկություն» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում


Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմն իր հերթին նվաճել է «Օսկար»-ի յոթ մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում շնորհվող մրցանակը

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում որպես ստրուկ վաճառված սևամորթ Սոլոմոն Նորթափի իրական պատմությունը պատմող «12 տարվա ստրկություն» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«12 տարվա ստրկություն» կինոնկարի մրցանակն իր գործընկեր, դերասան և ռեժիսոր Բրեդ Փիթի հետ ընդունած Մեծ Բրիտանիայից ռեժիսոր Ստիվ Մըք Քուինն ասել է, որ իր ստացած «Օսկար»-ն ինքը նվիրել է ստրկատիրության զոհերին:

«Բոլորն իրավունք ունեն ոչ միայն գոյատևելու, այլև ապրելու: Դա է Սոլոմոն Նորթափի թողած ամենակարևոր ժառանգությունը: Ես նվիրում եմ այս մրցանակը բոլոր այն մարդկանց, ովքեր վերապրել են ստրկատիրությունը, ինչպես նաև ներկայում ստրկատիրությունից տառապող 21 միլիոն մարդկանց», - ասե լէ ռեժիսոր ՄըքՔուինը:

Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմն իր հերթին նվաճել է «Օսկար»-ի յոթ մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում շնորհվող մրցանակը:

Դերասան Մեթյու ՄըքՔոնահը «Օսկար»-ի է արժանացել «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց իրավապաշտպանի դերի համար:

Ռեժիսոր Վուդի Ալենի «Կապույտ ժասմին» ֆիլմում իր դերի համար «Լավագույն դերասանուհի» կոչմանն է արժանացել Քեյթ Բլանշետը:

«Անմիացիոն լավագույն կինոնկար» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «Դիսնեյ» ընկերության նկարահանած «Սառած սիրտ» կինոնկարը, որտեղ հնչած «Let It Go» երգը նույնպես արժանացել է «Օսկար» մրցանակի:
XS
SM
MD
LG