Մատչելի հղումներ

«Սիրիայից հեռացվել է քիմիական զենքի 65 տոկոսը». ՔԶԱԿ


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը նախօրեին «անհիմն» էր անվանել անցյալ շաբաթվա վերջին Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացնելու մասին հաղորդագրությունները

Սիրիայում քիմիական զենքի հեռացման աշխատանքները վերահսկող կազմակերպության համաձայն, այս երկրից հեռացվել է քիմիական զենքի պաշարների 65 տոկոսը, սակայն Սիրիայի քիմիական զենքի հեռացման ուղղված աշխատանքների ընթացքն անհրաժեշտ է արագացնել:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) կողմից երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, Սիրիայի կառավարությունը քիմիական զենքի 13-րդ խմբաքանակն է առաքել Լաթաքիա քաղաքի նավահանգիստ:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեթ Ուզումչուն «անհրաժեշտ և խրախուսող» է անվանել Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի հեռացման ուղղված գործողությունները:

Ահմեթ Ուզումչուն միաժամանակ նշել է, որ Սիրիայի կառավարությունը պետք է առաքի քիմիական զենքի ավելի մեծ խմբաքանակներ՝ երկրում այս զինատեսակի ոչնչացման համար սահմանված վերջնաժամկետը պահպանելու նպատակով:

ՔԶԱԿ-ի համաձայն, Սիրիայում քիմիական զենքի պաշարներն ամբողջությամբ հեռացնելու համար սահմանված ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին:

Սիրիայի իշխանությունները համաձայնվել էին երկրում առկա քիմիական զենքի ոչնչացմանը՝ Դամասկոսում անցյալ տարվա օգոստոսին քիմիական զենքի կիրառմամբ իրականացված և ավելի քան 1400 զոհի պատճառը դարձած հարձակումից հետո Միացյալ Նահանգների կողմից ռազմական հնարավոր հարվածներից խուսափելու նպատակով:

Սիրիայի կառավարական ուժերը, ապստամբներն ու իրավապահ կազմակերպություններն անցյալ շաբաթվա վերջին տեղեկացրել էին երկրի կենտրոնական մասում գտնվող գյուղերից մեկում թունավոր գազի կիրառմամբ հարձակման պատճառով տուժածների մասին:

«Սիրիայի ազգային դաշինք»-ը և «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը շաբաթ օրն ասել էին, թե երկրի կենտրոնական մասում գտնվող Քֆար Զեյթա գյուղի ուղղությամբ կառավարական ուժերի կողմից նախօրեին իրականացված օդային հարձակման հետևանքով վնասվածքներ էր ստացել մեկ տասնյակից ավելի մարդ:

Սիրիայի կառավարական լրատվամիջոցները սակայն տեղեկացրել էին, որ Քֆար Զեյթա գյուղի ուղղությամբ քլորային գազի կիրառման համար պատասխանատվություն է կրում «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը նախօրեին «անհիմն» էր անվանել անցյալ շաբաթվա վերջին Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացնելու մասին հաղորդագրությունները: Փաուերը սակայն ասել է, որ ԱՄՆ-ի կգործադրի «առավելագույն ջանքերը՝ տեղի ունեցած մանրամասները հայտնաբերելու և պատասխան հնարավոր քայլերը քննարկելու համար»:
XS
SM
MD
LG