Մատչելի հղումներ

Օլիմպիական կրակի ճանապարհորդությունը մոտենում է ավարտի


Լոնդոնում այսօր կմեկնարկեն Օլիմպիական խաղերը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն բերված օլիմպիական կրակի ճանապարհորդությունը հասել է ավարտական փուլին: Կրակն այսօր տեղափոխել են «Գլորիանա» արքայական զբոսանավի վրա, որով այն կտեղափոխի Լոնդոնի օլիմպիական զբոսայգին՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության համար:

2012 թվականի Օլիմպիական խաղերի բացումը կկայանա ուրբաթ օրվա երեկոյան: Խաղերի բացումը կնշանավորի Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը:

Խաղերի բացումը պաշտոնապես կանցկացնի Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին:

Լոնդոնում խաղերին մասնակցելու համար ժամանել է մոտ 10 հազար մարզիկ, խաղերի ընթացքը դիտելու են հարյուր հազարավոր այցելուներ: Մինչև օգոստոսի 12-ը տևող խաղերի բացման արարողությանը և ընթացքին հետևելու են ամբողջ աշխարհի հեռուստադիտողները:

Օլիմպիական խաղերի բացման շռայլ արարողությունն անց է կացվելու «Ետնախորշի միլիոնատերը» օսկարակիր կինոնկարի ռեժիսոր Դենի Բոյլի ղեկավարությամբ: Մարզիկների շքերթը մեկնարկելու են Հունաստանի, կեզրափակեն՝ Մեծ Բրիտանիայի մարզիկները:

Խաղերի բացման արարողության նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր ամենամեծ մտահոգությունն է առաջացնում խաղերի «ապահով և անվտանգ» անցկացումը:

Խաղերի կազմակերպիչները միջոցառման նախօրեին ստիպված են եղել հաղթահարելու մի շատ չնախատեսված խնդիրներ, որոնցից էր անվտանգության ապահովման անձնակազմի պակասը:

Այսպես, Մեծ Բրիտանիայի կառավարությունն այս շաբաթվա սկզբին որոշում է կայացրել Լոնդոնում Օլիմպիական խաղերի անցկացման վայրերի պաշտպանության համար լրացուցիչ 1200 զինծառայող հատկացնելու մասին:

Այս քայլին կառավարությունը դիմել է այն բանից հետո, երբ անվտանգության ապահովման ոլորտում գործող մասնավոր ընկերությունը հայտնել է բավարար թվով պահակներ տրամադրելու անկարողության մասին:

Օլիմպիական խաղերի քարտուղար Ջերեմի Հանթը երեքշաբթի օրն ասել է, որ երկիրի կառավարությունը չի ցանկանում որևէ պատահականության հնարավորություն թողնել Մեծ Բրիտանիայում խաղաղ պայմաններում երբևէ իրականացված ամենամեծ միջոցառման սկզբից երեք օր առաջ:

Լրացուցիչ զինծառայողների տրամադրման արդյունքում Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգությունն ապահովող Մեծ Բրիտանիայի զինծառայողների թիվը հասել է ավելի քան 18 հազարի:

XS
SM
MD
LG