Մատչելի հղումներ

Օլիմպիական խաղերից արտաքսվել են բռնցքամարտի պաշտոնյաներ


Չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի և Ճապոնիայի բռնցքամարտիկների մարտի վերաբերյալ թուրքմեն մրցավարի կողմից կայացված որոշումը

«Ադրբեջանի օլիմպիական թիմի տեխնիկական գծով պաշտոնյաներից մեկը հինգաշբթի օրն արտաքսվել է Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերից` ճապոնացի եւ ադրբեջանցի բռնցքամարտիկների միջեւ նախորդ օրը տեղի ունեցած մարտից հետո:

«Ռոյթերս» գործակալության կողմից տարածված տեղեկությունների համաձայն, Օլիմպիական խաղերից անմիջապես արտաքսվել և իրենց երկրներ են ուղարկվել Ադրբեջանի միջազգային տեխնիկական պաշտոնյա Աղաջան Աբիևը և թուրքմեն մրցավար Իշանգուլի Մերեթնիյազովը:

«Խորապես ցավում եմ այս որոշումները ստիպված կայացնելու համար», - ասել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ընկերակցության (AIBA) նախագահ Վու Չինգ-Կուոն` հավելելով. «Ճշմարտությունը մեկն է, և մենք միշտ իմանում ենք ճշմարտությունը»:

Աբիևին և Մերեթնիյազովին անհապաղ արտաքսելու մասին որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ մրցավար Մերեթնիյազովը չի դադարեցրել չորեքշաբթի երեկոյան տեղի ուենցած թեթևքաշայինների հանդիպումը` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկ Մագոմեդ Աբդուլհամիդովը վերջին ռաունդում վեց անգամ ենթարկվել է նոկդաունի:
Reuters-ը հայտնում է, որ մրցավարը պատժվել է բռնցքամարտի թեթեւքաշային կարգում ադրբեջանցի Մագոմեդ Աբդուլգամիդովի եւ ճապոնացի Սատոշի Շիմիզուի մարտում ակնհայտորեն ադրբեջանցուն սատարելու համար:

Աբդուլհամիդովի հակառակորդ, ճապոնացի բռնցքամարտիկ Սատոշի Շիմիզուն ադրբեջանցի մարզիկի հետ վերջին ռաունդը սկսելուց առաջ նրան զիջել էր յոթ միավորով:

(Այս մարտի տեսանյութը կարող եք դիտել այստեղ. http://www.nbcolympics.com/wfla/news-blogs/boxing/olympic-boxing-officials-punished-for-controversial-rulings.html)

Սիրողական բռնցքամարտի միջազգային ընկերակցությունն ավելի ուշ չեղյալ է հայտարարել մրցավարի որոշումը` հայտարարելով, որ մարտի ընթացքում Մերեթնիյազովը պետք է առնվազն երեք անգամ ավարտված հայտարարեր մարտը:

«Ռոյթերս»-ի կողմից ստացված տեղեկությունների համաձայն, Սիրողական բռնցքամարտի միջազգային ընկերակցությունը վտարել է ադրբեջանցի պաշտոնյա Աբիևին իր պետության Օլիմպիական հավաքականի հետ հաղորդակցվելու համար:

Աբիևը, ըստ գործակալության, խախտել է իր պայմանագրի երկու կետ, որոնք արգելում են տեխնիկական բնույթի աշխատանք իրականացնող պաշտոնյաներին հաղորդակցվել որևէ մրցման շուրջ որևէ մեկի, մասնավորապես իրենց պետության թիմի կամ ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:

XS
SM
MD
LG