Մատչելի հղումներ

Օլմերթ. «ԱՄՆ-ը պատրաստ էր ընդունել պաղեստինցի փախստականներին»


Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթի համաձայն, որպես 2008 թվականին առաջարկված Մերձավոր Արևելքում խաղաղության պայմանագրի մի մաս, ԱՄՆ-ը պատրաստ էր ընդունել 100 հազար պաղեստինցի փախստական: Օլմերթի խոսքերով, ներկայիս բանակցությունների հաջողության հասնելու դեպքում մշակվելու է համաձայնագիր, որը նման է լինելու երկու տարի առաջ ձախողվածին:

Կիրակի օրը, ելույթ ունենալով Թել Ավիվում, Էհուդ Օլմերթն ասել է, որ Իսրայելի և պաղեստինցիների իշխանությունների միջև վերջնական կարգավորման մաս էր կազմում ԱՄՆ-ի կողմից 100 հազար փախստականների ընդունումը և նրանց ԱՄՆ-ի քաղաքացիություն շնորհելու պայմանը: Իսրայելի նախկին վարչապետի խոսքերով, այդ մասին նրան հավաստիացրել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը:

Օլմերթի համաձայն, 2008 թվականի խաղաղության առաջարկում պետք է ճանաչվեին ավելի քան 60 տարի առաջ Իսրայելի պետականության հռչակման արդյունքում իրենց տները կորցրած հարյուր հազարավոր պաղեստինցիների տառապանքները: Իսրայելի նախկին վարչապետն ասել է, որ մարդասիրական հիմունքներով Իսրայելն էլ համաձայնվելու էր ընդունել ավելի քիչ թվով` մինչև 20 հազար փախստական:

XS
SM
MD
LG