ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության ղեկավարների հետ: Հանդիպման նպատակն ընկերությունից նյութական միջոցներ ստանալն է, Մեքսիկական ծոցում նավթի արտանետման արդյունքում առաջացած վնասները մեղմելու համար:
Հանդիպման նախօրեին Օբաման հանդես էր եկել հեռուստատեսային ելույթով, որի ընթացքում մասնավորապես ասել էր, թե ինքը նավթարդյունաբերող հսկայից պահանջելու է անհրաժեշտ ողջ գումարը` աղետի արդյունքում պատճառված վնասները վերացնելու նպատակով:
Օբամայի խոսքերով, նավթի արտանետման 2 ամիսները, որ արձանագրել են ԱՄՆ-ի պատմության ամենամեծ բնապահպանական աղետը, արդյունք է ընկերության ոչ խոհեմ կառավարման:
Ելույթից անմիջապես հետո «Բրիթիշ փեթրոլիում»-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, թե ընկերության համար ընդունելի են Օբամայի առաջարկություններն աղետի արդյունքում տուժածներին ֆինանսական փոխհատուցման և արտանետվող նավթի մաքրման աշխատանքների տեսանկյուններից:
Ըստ նախնական հաշվարկների, Մեքսիկական ծոցում նավթի արտանետման պատճառած վնասները գնահատվում են մինչև 20 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: