Մատչելի հղումներ

Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքը շարունակվում է


Եթե շաբաթվա սկզբին «Բրիթիշ Փեթրոլիումին» հաջողվում էր օրական ընդամենը 1000 տակառ նավթ հավաքել ծոցից, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 2000 տակառի:

Մեքսիկական ծոցում մոտ մեկ ամիս շարունակվող նավթի արտանետումը դադարեցնելու գործում ջանքեր գործադրող «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը հաղորդում է, որ իրենք օվկիանոս արտանետվող նավթի հեռացման ծավալները կրկնապատկել են:

Ըստ ընկերության կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրության, եթե շաբաթվա սկզբին «Բրիթիշ Փեթրոլիումին» հաջողվում էր օրական ընդամենը 1000 տակառ նավթ հավաքել ծոցից, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 2000 տակառի:

Շուրջ 2 կիլոմետր երկարություն ունեցող խողովակը, որն օգտագործվում է նավթահեռացման համար, տեղափոխում է վառելիքը օվկիանոսի առափնյա հատվածում կայանված նավերի տարածք: Ներկայումս այս խողովակաշարով դեպի նավերն է մղվում արտանետվող նավթի 40%-ը:

Հիշեցնենք, որ նավթի արտահոսքը Մեքսիկական ծոցում սկսվել էր ապրիլի 20-ին տեղի ունեցած պայթյունից հետո, ինչի արդյունքում 11 մարդ էր զոհվել:

XS
SM
MD
LG