Մատչելի հղումներ

Նավթի արտահոսքը դեռ ամիսներ և տարիներ կազդի առողջության վրա


Նավթի արտահոսքը դեռ ամիսներ և տարիներ կազդի առողջության վրա
Նավթի արտահոսքը դեռ ամիսներ և տարիներ կազդի առողջության վրա

Առողջապահության փորձագետները ԱՄՆ սենատում հայտնել են, որ դեռ տարիներ և ամիսներ կպահանջվեն նավթի արտահոսքի ազդեցությունն առողջության վրա գնահատելու համար:

Առողջապահության փորձագետները ԱՄՆ սենատում հայտնել են, որ դեռ տարիներ և ամիսներ կպահանջվեն Մեքսիկայի ծոցում նավթի արտահոսքի ամբողջ ազդեցությունն առողջության վրա գնահատելու համար: Ըստ նրանց` ներկայումս հնարավոր չէ կանխատեսել նավթի արտահոսքի ազդեցությունը տեղի բնակիչների կամ մաքրման աշխատանքներ իրականացնողների վրա:

Զբաղվածության անվտանգության և առողջության ազգային ինստիտուտի տնօրեն Ջոն Հովարդի պնդմամբ` ընդհանուր առողջական բողոքները լուրջ չեն:

“Առաջին հերթին մաշկային և շնչառական խնդիրներ, որոնք պայմանավորված են հում նավթի մեջ առկա քիմիկատներով: Անհրաժեշտ է զերծ մնալ անմիջական շփումից և անմիջապես լվացվել հակառակ դեպքում: Աչքերի, քթի և կոկորդի բորբոքում հնարավոր է հում նավթի հետ անմիջական առնչումից”,-հայտնեց նա:

Ըստ Հովարդի` երկարաժամկետում հնարավոր է սրտխառնոց, գլխապտույտ, նույնիսկ հոգեկան անհանգիստ վիճակ: Ծովում մաքրման աշխատանքներին մասնակցողները բողոքում են ջերմային հարվածից: Նրանց օգնություն տրամադրելու համար տրամադրվել են շարժական կլինիկաներ:

Առողջապահներն ասում են, որ առավել շատ վտանգ սպառնում է երեխաներին:

“Երեխաների շնչառական և նյութափոխանակման համակարգերն ավելի արագ են աշխատում, և համապատասխան միջավայրում նրանց օրգանիզմն ավելի արագ է թունավոր նյութեր ընդունում:Մանկահասակների լիարժեք չզարգացած իմունային համակարգը նրանց առավել զգայուն է դարձնում վարակների հանդեպ”,-բացատրեց Հովարդը:

Օրենսդիրներին մտահոգում է, որ փոթորիկների շրջանը կվատթարացնի առողջական խնդիրները. հում նավթը և թունավոր նյութերը կքշվեն ցամաք` վտանգելով մեծ թվով մարդկանց առողջությունը:

“Մենք փոթորիկներին դիմակայելու ծրագիր ունենք, սակայն համոզված չեմ, որ դրանում առկա է նաև նավթի արտահոսքի մաքրման աշխատանքները”,-ասաց սենատոր Թոմ Հարկինը:

Իսկ ԱՄՆ Առողջապահության նախարարությունից Լիզա Կապլովիցը վստահեցրեց, որ կուժեղացվի հսկողությունը և համայնքի հետ աշխատանքը”:

Հանձնաժողովում լսումների ժամանակ առողջապահության փորձագետներից ոչ մեկ չկարողացավ բացատրել, թե որքան երկարատև կլինի քիմիկատների և արտանետումների թունավոր ազդեցությունը: Առողջապահության նախարարության պաշտոնյաները կոչ են արել կազմել գիտնականների անկախ մարմին, որը կհետազոտի առողջության վրա նավթի արտանետման ազդեցությունը:

Առայժմ ԱՄՆ մթերքի և դեղորայքի կառավարման մարմնի հաղորդմամբ` տարածքի ջուրը դեռևս անվտանգ է, և քանի որ ձկնորսությունն արգելված է, ապա ռեստորաններում և խանութներում առկա ծովամթերքի սպառումը նույնպես անվտանգ է:

XS
SM
MD
LG