Նյու Յորքում մեկ ամիս առաջ սկսված ՝՝Գրավիր Ուոլ Ստրիթը՛՛ շարժումը շարունակում է տարածում գտնել աշխարհի տարբեր հատվածներում, հասնելով ասիական ու եւրոպական մի շարք երկրներ։ Ցույցերը, որոնց մասնակիցները բողոքում են ֆինանսական խնդիրների ու սոցիալական անարդարությունների դեմ, հիմնականում ընթանում են խաղաղ, առանց բախումների։
Սակայն Հռոմում անցկացված բողոքի ցույցի ժամանակ դիմակավոր ցուցարարներից շատերը քարեր ու շշեր են նետել, իրականացրել հրկիզումներ, ջարդել բանկերի ապակիներ։ Բախումների ժամանակ մոտ 7Օ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։
Երկրի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ասել է, թե այս բռնությունները մտահոգիչ հանգամանք են հասարակության համար։ Սա Իտալիայում անցած մի քանի տասնամյակների ընթացքում բռնությունների ծավալով ամենախոշոր անհանգստության ալիքն էր:
Հռոմի քաղաքագլխի խոսքերով, հասցված է ավելի քան մեկ եւ կես միլիոն դոլարի վնաս։
Լոնդոնում մի քանի հարյուր մարդ վրանային ճամբար է հիմնել Սուրբ Պողոսի տաճարի հրապարակում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ֆինանսական կենտրոնի հարեւանությամբ։
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ոստիկանությունը մոտ 175 մարդ է ձերբակալել, երբ վերջիններս հրաժարվել են հանել իրենց վրանները զբոսայգուց։