Մատչելի հղումներ

Աշխարհի բնակչության մեկ երրորդն ավելորդ քաշ ունի


Աշխարհի բնակչության մեկ երրորդն ավելորդ քաշ ունի
Աշխարհի բնակչության մեկ երրորդն ավելորդ քաշ ունի

Գիրությունն այլևս միայն ամերիկյան խնդիր չէ: Համաձայն Վաշինգտոնում բնապահպանական հետազոտության Ուորլդ Ուոթչ ինստիտուտի՝ աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը գեր է: Հետազոտողներն ասում են, որ այս միտումը պայմանավորված է աճող եկամտի աճով, ինչը մարդկանց դրդում է ավելի ճարպոտ կերակրի և քիչ մարզվելուն:

Համաձայն Ուորլդուոթչ ինստիտուտի կողմից 177 երկրների առողջապահության ցուցանիշների հետազոտության, աշխարհում գրեթե երկու միլիարդ մարդ ավելորդ քաշ ունի:

Հետազոտության ղեկավար Ռիչարդ Ուեյլի համաձայն, ամեն երկրի բնակչություն ավելի գեր է դառնում: Զարգացած երկրների շարքում Միացյալ Նահանգների բնակչությունն ամենագերն է, բավականին գեր են նաև Կանադայի, Բրիտանիայի և Ավստրալիայի բնակիչները:

Վիճակագրությունը համադրելիս ինստիտուտը համատեղել է ավելորդ քաշ ունեցողներին և չափազանց գերերին: Այլ կերպ ասած՝ բոլոր նրանք, ում մարմնի զանգվածի ինդեքսը 25 և ավել է, համարվել են ավելորդ քաշ ունեցող:

Ըստ Ուեյլի, որոշ զարգացած երկրներում մեծահասակների 80 տոկոսն ավելորդ քաշ ունի: Միացյալ Նահանգներն այդ կատեգորիայում առաջնորդ է՝ 78.6 տոկոս ցուցանիշով: Նրա համաձայն, ամենուր, որտեղ փող և ազատ ժամանակ կա, մարդիկ ավելի քիչ են մարզվում և ավելի վատ որակի սնունդ ուտում:

Ուեյլի խոսքերով, պարտադիր չէ, որ մարդիկ հարուստ լինեն քաշի հետ խնդիր ունենալու համար: Սակայն որոշ երկրներում եկամուտն աճում է, ինչպես նաև ցածրորակ սննդի մատչելիությունը: Չինաստանում և Հնդկաստանում, օրինակ, աճում է միջին դասը:

Ուեյլն ասում է, որ Չինաստանի բազմաթիվ շրջաններում ավելանում է ավելորդ քաշ ունեցողների թիվը, և թվում է, թե դա կապված է եկամտի ավելացման հետ, և նույնը նաև տեղի է ունենում Մերձավոր Արևելքի նավթով հարուստ որոշ երկրներում: Նրա համաձայն, Ճապոնիայում և Ֆրանսիայում մեծահասակների շրջանում գերերի տոկոսը փոքր է, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ այս երկրներում կերակրի չափաբաժիններն են փոքր:

Գեր մարդկանց թվաքանակի աճին զուգահեռ աճում են նաև առողջական խնդիրները: Երկրորդ տեսակի շաքարախտը սերտորեն կապված է գիրության հետ: Մեծ թվով բարդություններ կապված են շաքարախտի հետ՝ այդ թվում՝ երիկամների և սրտանոթային հիվանդությունները, կուրությունը և անդամահատումը: Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Շաքարախտի բաժնի ղեկավար, բժիշկ Էն Օլբրայթի համաձայն, գիրության կտրուկ աճ է գրանցվել 80-ականներին, շաքարախտով հիվանդանալու դեպքերի աճ գրանցվեց 6 տարի անց:

«Ճիշտ է, փոքր-ինչ ժամանակային տարբերություն կա, սակայն համաճարակաբանության տեսակետից կարող ենք տեսնել կապը», - ասում է Օլբրայթը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ ունի երկրորդ տեսակի շաքարախտ: Չինաստանում, Հնդկաստանում և Միացյալ Նահանգներում ցուցանիշներն ամենաբարձրն են: Սակայն ոչ բոլոր գեր մարդկանց մոտ է առաջանում շաքարախտ:

Եթե համաշխարհային միտումը շարունակվի, ապա կանխատեսումները խրախուսող չեն, հատկապես՝ Չինաստանում, Հնդկաստանում և Միացյալ Նահանգներում: Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, 2050 թվականին յուրաքանչյուր երեք մարդկանցից մեկը կտառապի շաքարախտով:

XS
SM
MD
LG