Մատչելի հղումներ

Օբամա. «ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ»


«Ռոհանիին Իրանի նախագահի պաշտոնում ընտրելն ապացուցում է, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է շարժվել այլ ուղղությամբ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցել Իրանի հետ վերջինիս միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ:

Այս մասին հայտարարությամբ Օբաման հանդես է եկել երկուշաբթի ուշ երեկոյան տված հարցազրույցում, որի ընթացքում սակայն նշել է, որ Իրանը պետք է գիտակցի, որ միջազգային պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրությունը չհամոզվի, որ այս երկիրը միջուկային զենքի չի արտադրում:

Միացյալ Նահանգների նախագահը նշել է նաև, որ չափավոր հայացքների հարող հոգևորական Հասան Ռոհանիին Իրանի նախագահի պաշտոնում ընտրելն ապացուցում է, որ Իրանի ժողովուրդը «ցանկանում է շարժվել այլ ուղղությամբ և միջազգային հանրության հետ շփվել առավել դրական եղանակով:

Իրանի նորընտիր նախագահը նախօրեին տված հարցազրույցում խոստացել է վարել չափավոր քաղաքականություն՝ նշելով, որ իր հաղթանակն ազդանշանել է «նոր դարաշրջան Իրանի ժողովրդի համար»:

Իր առաջին հեռուստատեսային հարցազրույցում Ռոհանին ասել էր, թե հետևելու է «չափավորության և արդարության, այլ ոչ թե ծայրահեղության ուղուն»: Նա խոստացել է նաև վերականգնել կառուցողական շփումը մնացած աշխարհի հետ և բարելավել Իրանի տնտեսությունը:

Պատասխանելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հարցին, Ռոհանին նշել էր, որ այս հարցը բարդ է և նման է «բուժման կարիք ունեցող հին վերքի»:
XS
SM
MD
LG