Մատչելի հղումներ

Օբամա. «Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է համատեղ գործեն Ռուսաստանի դեմ»


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին պահանջել է, որ Ռուսաստանն առանց որևէ նախապայմանների օժանդակի Ուկրաինայի արևելքում զինյալների կողմից ձերբակալված ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ արձակմանն ուղղված ջանքերին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է գործեն համատեղ՝ Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում իրականացվող գործողությունների պատճառով պատժամիջոցներ ընդունելու հարցում:

Նախագահ Օբամայի համաձայն, Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները վտանգում են Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը:

Միացյալ Նահանգների նախագահը Մալայզիայում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է դիմեն միասնական գործողությունների՝ ցուցադրելու համար Ռուսաստանին, որ պատժամիջոցներ ձեռնարկելիս աշխարհը համատեղ է գործում:

ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինայում ծավալված ճգնաժամի լարվածությունը նվազեցնելու նպատակով Ռուսատանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն «Ռուսաստանը մատը մատին չի խփել՝ այս հարցում օժանդակություն ցուցաբերելու համար»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը պահանջել է, որ Ռուսաստանը առանց որևէ նախապայմանների օժանդակի Ուկրաինայի արևելքում զինյալների կողմից ձերբակալված ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ արձակմանն ուղղված ջանքերին:

Այս պահանջը, ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության, արտգործնախարար Քերրին ներկայացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Մոսկվան իր հերթին ասել է, թե «ձեռնարկում է իրավիճակի կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը»՝ միաժամանակ մեղադրելով Ուկրաինայի իշխանություններին ձերբակալված դիտորդների խմբի անվտանգության ապահովման գործում թերանալու մեջ:
XS
SM
MD
LG