Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև հանդիպում չի անցկացվելու


Երկու պետությունների ղեկավարների միջև հանդիպումն այդպես էլ իրականություն չդարձավ՝ երկուստեք արմատավորված անվստահության պատճառով, որը հաղթահարելը բավականին դժվար կլինի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը զգուշորեն ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից ձեռնարկված քայլերը որպես հիմք՝ այս երկրի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնության գալու համար:

Երկու պետությունների ղեկավարների միջև հանդիպումն այդպես էլ իրականություն չդարձավ՝ երկուստեք արմատավորված անվստահության պատճառով, որը հաղթահարելը բավականին դժվար կլինի:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ունեցած ելույթի ընթացքում նախագահ Օբաման ասել է, որ նախատեսում է փորձարկել Իրանի նախագահի կողմից վերջերս կատարված դիվանագիտական քայլերը և մարտահրավեր ներկայացնել Ռոհանիին՝ արդեն երկար ժամանակ Արևմուտքի հետ Իրանի ունեցած միջուկային վեճը լուծելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով:

Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաներին սակայն չի հաջողվել կազմակերպել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի միջոցառման շրջանակներում երկու պետությունների առաջնորդների ակնկալվող ձեռքի խորհրդանշական սեղմումը:

«Հանդիպում չի լինի», - ասել է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի համաձայն ամերիկյան կողմը նշել է, որ երկու պետությունների ղեկավարները կարող էին քննարկում անցկացնել միջոցառման շրջանակներում, եթե ստեղծվեր նման հարմար հնարավորություն:

«Իրանցիներն արձագանքեցին: Պարզ էր, որ նրանց համար այս պահին դա բավականին դժվար էր կազմակերպել՝ հաշվի առնելով իրենց երկրում տիրող զարգացումները», - ասել է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Սակայն նույնիսկ այն պարագայում, երբ նախագահ Օբաման ողջունել է Իրանի կողմից բռնած «առավել չափավոր ուղին», Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ աշխարհին չպետք է խաբեն Իրանի նախագահի «հանգստացնող խոսքերը»:

Իսրայելի ղեկավարի համաձայն, Իրանը փորձում է քողարկել միջուկային ռումբ ստեղծելու աշխատանքների շարունակությունը, սակայն Թեհրանը հերքում է նման պնդումները:
XS
SM
MD
LG