Մատչելի հղումներ

 
Եվրոպայում նախագահ Օբաման կունենա Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն

Եվրոպայում նախագահ Օբաման կունենա Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն


Միացյալ Նահանգների նախագահը կայցելի Վարշավա, Բրյուսել, Փարիզ և Նորմանդիա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս շաբաթ կայցելի Վարշավա, Բրյուսել, Փարիզ և Նորմանդիա, որտեղ պետք է մանրամասն ներկայացնի այն, թե ինչ է նախատեսում ձեռնարկել Միացյալ Նահանգները՝ հակազդելու համար Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի կողմից իրականացվող գործողություններին, ինչպես նաև հանդարտեցնի անհանգստացած դաշնակիցներին՝ հավաստիացնելով նրանց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած պահին կանգնել նրանց կողքին:

Ուկրաինայի արևմտյան հարևան Լեհաստանում նախագահ Օբաման չորեքշաբթի օրը հանդիպում կանցկացնի Արևելյան Եվրոպայի պետությունների առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ: ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է իր պատասխանը ներկայացնել քննադատներին, որոնք համարում են, թե ինքը բավարար վճռական չէր գործել Մոսկվայի դեմ՝ վերջինիս կողմից Ղրիմը բռնակցելուց հետո:

Նախագահ Օբաման «Ուեստ Փոյնթ»-ում՝ ԱՄՆ-ի ռազմական գլխավոր ակադեմիայում անցյալ շաբաթ ունեցած ելույթի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգները, մնալով աշխարհի առաջատարը, պետք է պահպանի այս դիրքը՝ նախ և առաջ կիրառելով ոչ թե ռազմական ուժը, այլ դիվանագիտական միջոցները, գործելով բազմակողմանի նախաձեռնությունների շրջանակներում և գործադրելով ճնշման տնտեսական լծակներ, ինչպես այժմ արվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դեպքում:

«Հասարակական կարծիք ձևավորելու մեր կարողությունը նպաստել է Ռուսատանի բավականին արագ մեկուսացման: Ամերիկայի առաջնորդության շնորհիվ աշխարհն անհապաղ քննադատել է Ռուսաստանի գործողությունները», - իր ուղերձում ասել էր նախագահ Օբաման:

Վերլուծաբանները սակայն պնդում են, որ Վարշավայում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տասը պետությունների ղեկավարների հետ կայանալիք հանդիպման ընթացքում նախագահ Օբաման պետք է ներկայացնի տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացումից խուսափելուն ուղղված գործողությունների առավել լավ ձևակերպված ծրագիր:

«Կան մտահոգություններ, որ հերթական ճգնաժամի ծավալման դեպքում մենք կչքանանք, մեզ երկրորդ պլան են մղելու», - ասում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հեզեր Քոնլին:

Արևելաեվրոպական քաղաքական գործիչները, այդ թվում՝ Լեհաստանում կոմունիստական վարչակարգի տապալման գործում վճռական դեր ունեցած «Համերաշխություն» շարժման նախկին առաջնորդ Լեհ Վալենսան, արդեն վաղուց է հորդորում են նախագահ Օբամային ձեռնարկել առավել վճռական միջոցներ:

Լեհաստանի նախկին նախագահ Վալենսան անցյալ շաբաթ, հանդես գալով Լեհաստանի հեռուստատեսությամբ, հիասթափություն է արտահայտել Ուկրաինայում ծավալված ճգնաժամի շուրջ նախագահ Օբամայի դիրքորոշմամբ, որը, Վալենսայի համաձայն, բավարար վճռական չէ:

«Գերտերությունը չի արդարացրել սպասումները, այնպես որ աշխարհում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Միգուցե աշխարհում այսքան վատ իրադարձություններ են տեղի ունենում հենց այն պատճառով, որ առաջնորդ չկա», - ասել է Վալենսան:

Լեհաստանից նախագահ Օբաման կուղևորվի Բրյուսել՝ «Մեծ յոթնյակի» հանդիպմանը մասնակցելու համար: Աշխարհի տնտեսական առաջատար պետությունների գագաթաժողովը սկզբում նախատեսվում էր անցկացնել Ռուսաստանի Սոչի քաղաքում, սակայն Ուկրաինայում ծավալված ճգնաժամի պատճառով Ռուսաստանի մասնակցությունն այս խմբում դադարեցվել է:

Այդ ժամանակից ի վեր Մոսկվան հետ է քաշել տարվա սկզբին Ռուսատանի և Ուկրաինայի միջև սահմանամերձ շրջաններում կուտակված զինված ուժերի ստորաբաժանումները, իսկ նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվել են առանց մեծ խնդիրների, և Մոսկվայի նկատմամբ «Մեծ յոթնյակի» կողմից նոր պատժամիջոցներ ընդունելու մասին պահանջներ ներկայացնելը քիչ է հավանական:

«Ներկայում բոլոր գործընկերները համաձայն են, որ նպատակը կայանում է իրավիճակի լարվածության հետագա նվազեցման մեջ, և նոր պատժամիջոցների ընդունում այժմ չի նախատեսվում», - «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմի պաշտոնյաներից մեկը՝ հավելելով.

«Գաղափարը կայանում է երկխոսության վերականգնման համար հնարավորին ամեն ինչ անելու մեջ»:

Բրյուսելից նախագահ Օբաման ուրբաթ օրը կուղևորվի Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նույնպես կմասնակցի Նորմանդիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դաշնակից զորքերի ափհանման տարեդարձին նվիրված տոնակատարություններին, հինգշաբթի օրը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նախագահ Օբաման նույն օրվա երեկոյան ընթրիք կանցկացնի Ֆրանսիայի նախագահի հետ, սակայն, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան, Ռուսաստանի նախագահի հետ պաշտոնական որևէ հանդիպում չի նախատեսվում:
XS
SM
MD
LG