Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կներկայացնի հրազենի կիրառմամբ բռնությունների նվազեցմանն ուղղված միջոցներ


ԱՄՆ-ի «Հրազենի ազգային ասոցիացիան» սակայն սպառնացել է դեմ հանդես գալ հրազենի և զինամթերքի հասանելիությունը սահմանափակող ցանկացած օրինագծի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը կներկայացնի «հրազենի կիրառմամբ բռնությունների նվազեցմանն ուղղված հստակ առաջարկություններ»:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենին կմիանան այն երեխաները, որոնք, Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում անցյալ ամիս հրազենի կիրառմամբ իրականացված սպանություններից հետո, ԱՄՆ-ի նախագահին էին հղել հրազենի կիրառմամբ բռնությունների նվազեցման, ինչպես նաև դպրոցներում անվտանգության հարցերի շուրջ նրանց ունեցած մտահոգությունները:

Ներկայացվելիք առաջարկությունների հիմքում ընկած են այս հարցերի համապարփակ ուսումնասիրություն անցկացնելու և դրանք քննարկելու նպատակով տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումներ անցկացնելու առաջադրանք ստացած ԱՄՆ-ի փոխնախագահի կողմից մշակված միջոցառումները:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քերնին հայտնել է լրագրողներին, որ միջոցառումների փաթեթում ընդգրկված կլինեն ինչպես օրենսդրական, այնպես էլ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվելիք միջոցառումներ: Քերնիի համաձայն, փաթեթի մի քանի բաղադրիչ մաս կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի Կոնգրեսի հավանությունը:

Նախագահ Օբաման գիտակցում է, որ հրազենի շուրջ հարցի քննարկումը որոշակի դժվարությունների կհանդիպի Կոնգրեսում, որտեղ այս հարցի շուրջ կան խորը տարաձայնություններ: Օբաման երկուշաբթի օրը սակայն նշել է, թե օրենսդիրները պետք է «ուսումնասիրեն սեփական խիղճը», և որ «անհրաժեշտ է մշակել այնպիսի պատասխաններ, որոնք կհաղթահարեն քաղաքական շահերը»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի որոշ դեմոկրատ կոնգրեսականների համաձայն, փոխնախագահ Բայդենը նախագահ Օբամային կներկայացնի 19 հնարավոր գործողության ցանկ, որոնց նախագահը կարող է դիմել՝ առանց օրենսդիրների կողմից լրացուցիչ իրավական ակտեր մշակելու անհրաժեշտության:

Չորս միլիոն անդամ ունեցող ԱՄՆ-ի «Հրազենի ազգային ասոցիացիան» սակայն սպառնացել է դեմ հանդես գալ հրազենի և զինամթերքի հասանելիությունը սահմանափակող ցանկացած օրինագծի:
XS
SM
MD
LG