Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում Օբաման կանդրադառնա Իրանի և Սիրիայի հարցերին


Սպասվում է, որ իր ելույթում Օբաման կանդրադառնա նաև Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացի խնդրին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում երեքշաբթի օրն իր խոսքում կանդրադառնա երկխոսություն հաստատելու Իրանի կոչերին, ինչպես նաև Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ուժգին արձագանք տալու անհրաժեշտության:

Սպասվում է, որ իր ելույթում Օբաման կանդրադառնա նաև Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացի խնդրին:

Աշխարհի պետությունների առաջնորդներին ուղղված ԱՄՆ-ի նախագահի ելույթից ժամեր անց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես կգա Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը նախօրեին հորդորել էր Արևմուտքի առաջնորդներին երկխոսություն մեկնարկել Իրանի հետ և թուլացնել իր երկրի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները:

ԱՄՆ-ի մի խումբ բարձրաստիճան սենատորներ հորդորել են նախագահ Օբամային իր ուղերձում վերահաստատել այն, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելն անընդունելի է Միացյալ Նահանգների համար, և որ պատժամիջոցները կշարունակվեն՝ չնայած Ռոհանիի կողմից գործադրվող ջանքերի:

Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, չնայած նախագահ Օբաման և Իրանի նախագահը գտնվում են Նյու Յորքում, սակայն նրանց միջև հանդիպում ծրագրված չէ: ԱՄՆ-ի պաշտոնյաները սակայն չեն բացառել Օբամայի և Ռոհանիի միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը:
XS
SM
MD
LG