Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը վերադարձել է Մեքսիկական ծոցի շրջանը նավթի արտահոսքից տուժած երեք նահանգները այցելելու համար։
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի ծովափնյա շրջանների պատասխանատու պաշտոնյա ծովակալ Թադ Ալենի զեկույցը ունկնդրելուց հետո նախագահ Օբաման քննարկումների նպատակով կհանդիպի Միսիսիպիի բնակիչների հետ։ Այնուհետեւ նա կմեկնի Ալաբամա նահանգը, մաքրման աշխատանքները վերանայելու համար եւ ապա կայցելի Ֆլորիդա նահանգը։
Նախագահի երկօրյա այցելությունը Միսիսիպի, Ալաբամա եւ Ֆլորիդա նահանգները առաջինն է նավթի արտահոսքի պատճառած վնասների վերանայման նպատակով։ Նախորդ երեք այցելությունների ընթացքում նա հիմնականում կենտրոնացել էր Լուիզիանայի նահանգի կրած վնասների վրա։
Վաշինգտոն վերադառնալով նախագահը իր գրասենյակից հեռարձակվող առաջին համերկրային ելույթով կանդրադառնա արտահոսքի աղետին եւ վնասված շրջանների մաքրմանը օգնելու իր ծրագրին։
Չորեքշաբթի օրը նա կհանդիպի Բրիթիշ Փեթրոլիում ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նրանց կոչ կանի ստեղծել բանկային հատուկ հաշիվ աղետից տուժած անհատների եւ ընկերությունների ներկայացրած վնասապահանջները բավարարելու համար։