Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է համայն հայությանը՝ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ


ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է համայն հայությանը՝ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ
ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է համայն հայությանը՝ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի ծառայությունն է այսօր տարածել նախագահ Օբամայի շնորհավորանքի խոսքը:

«Ամերիկայի ժողովրդի անունից շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր տոնում են Հայաստանի անկախության օրը Հայաստանում, Միացյալ Նահանգներում և աշխարհի բոլոր այլ վայրերում: Հայաստանը, նշելով իր անկախության 20-րդ տարեդարձը, այս տարիների ընթացքում գրանցել է առաջընթաց, որը հնարավոր է ժողովրդի ազատության և իր իսկ ճակատագիրը տնօրինելու հնարավորություն ունենալու պարագայում», - ասել է նախագահ Օբաման:

«Միացյալ Նահանգները երախտապարտ է ամերիկահայերին, որոնք շարունակում են մեծ ներդրում ունենալ երկրի կյանքում և նպաստում են մեր երկու պետությունների միջև հարաբերությունների պահպանմանն ու զարգացման», - շնորհավորանքի ուղերձում նշել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի զինված ուժերի զորահանդեսին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, զորահանդեսի ժամանակ նախագահ Սարգսյանն իր շնորհավորական խոսքն է ուղղել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ:

Շնորհավորական իր խոսքում Հայաստանի նախագահն ասել է, որ 20 տարի առաջ այս օրը անկախության հանրաքվեի բազմաթիվ մասնակիցներ իրենց քվեաթերթիկը քվեատուփի մեջ էին գցում երեխաների` իրենց զավակների ու թոռների ձեռքով, և այդ երեխաները, որ այսօր արդեն հասուն մարդիկ են, պետք է ժառանգեին երկիր ու ապրեին ազատ ու անկախ Հայաստանում:

«Մեր ժողովրդի ընտրությունը խորապես գիտակցված էր: Մենք նաև հասկանում էինք, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ոչ մեկը չուներ մեկնարկային այնպիսի անբարենպաստ պայմաններ, ինչպիսիք մերն էին: Երկրի մի մեծ հատված աղետի գոտի էր, և մենք էլ կանգնած էինք պատերազմի շեմին: Բայց մենք քվեաթերթիկները տվեցինք մեր երեխաների ձեռքը և ասացինք. «Այո՛»: Այո՛, մենք պատրաստ ենք ազգովի սխրանք գործելու: Եվ գործեցինք», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով. «Ովքեր 90-ականների սկզբներին չեն եղել Հայաստանում և դիտում են վավերագրական կադրեր, պարզապես չեն հավատում, որ դա եղել է: Նույնիսկ Երևանի փողոցների կադրերը կարծես ուրիշ աշխարհից լինեն: Էլ չեմ խոսում Հայաստանի սահմանների, հրետակոծվող մեր քաղաքների ու Արցախի մասին»:

«Հայոց պետականության վերականգնումը տոն էր` մեծ երազանքի իրականացում, բայց առաջին հերթին պատասխանատվություն էր: Այլևս մենք էինք պատասխանատու մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր մշակույթի, մեր ներկայի ու ապագայի համար», - ասել է Հայաստանի նախագահը:

«Այս հրապարակով ռազմական քայլերթով այսօր անցնելու են զինվորներ, ովքեր մեր անկախության տարեկիցներն են: Սա հազարամյակների լրջագույն պատմություն ունեցող, բայց քսան տարեկան Հայաստանն է` քսան տարեկանի ավյունով, եռանդով, քսան տարեկանի կենսասիրությամբ ու հավատով, քսան տարեկանի լավատեսությամբ ու համարձակ ծրագրերով: Բայց ո՛չ քսան տարեկանի միամտությամբ: Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, հնարավոր է նրա հետ հաջողություններ տոնել և ցավ կիսել, հնարավոր է նրան օրինակ ծառայել և նրանից օրինակ վերցնել: Սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան, բայց հիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց այսօր հայացքն ուղղել է ապագային», - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ շնորհավորական իր խոսքում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG