Մատչելի հղումներ

Օբամա. «Ռուսաստանը պետք է աշխատի Ուկրաինայի նոր առաջնորդի հետ»


Հակառակ դեպքում, ըստ ԱՄՆ-ի նախագահի, Ռուսաստանին սպառնում է «Մեծ յոթնյակի» պետությունների կողմից ավելի խիստ պատժամիջոցների ենթարկվելու հնարավորությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ճանաչի և աշխատի Ուկրաինայի նորընտիր կառավարության հետ և դադարեցնի այս երկրի սահմանամերձ շրջաններում իրականացվող սադրանքները: Հակառակ դեպքում, ըստ ԱՄՆ-ի նախագահի, Ռուսաստանին սպառնում է «Մեծ յոթնյակի» պետությունների կողմից ավելի խիստ պատժամիջոցների ենթարկվելու հնարավորությունը:

«Մենք հնարավորություն կունենանք տեսնելու, ինչ քայլերի է դիմելու պարոն Պուտինը գալիք շաբաթների ընթացքում, և եթե նա շարունակի ներկայիս ուղին, ապա մենք արդեն իսկ նախանշել ենք, թե ինչպիսի գործողությունների ենք պատրաստ դիմելու», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովին հետևած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանը պետք է օգտվի իրեն ընձեռված հնարավորությունից», - ասել է Օբաման՝ հավելելով. «Ռուսաստանը պետք է ճանաչի, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոն օրինական եղանակով ընտրված առաջնորդ է, և աշխատի Կիևի կառավարության հետ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի հետ անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում երկու պետությունների ղեկավարները գովասանքի են արժանացրել Ուկրաինայում ծավալված ճգնաժամի և այդ կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ գործողություններ ձեռնարկելու նպատակով Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից ստեղծված միասնական ճակատը:

«Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև այս ճգնաժամի ընթացքում առաջացած միասնության աստիճանը հիացմունքի է արժանի: Ոգևորված եմ Եվրոպայի հաստատակամությամբ», - շեշտել է նախագահ Օբաման:

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում նախատեսում է ասել նրան, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ձեռնարկվող գործողություններն անընդունելի են և հակասում են «Մեծ յոթնյակ»-ի ժողովրդավարական արժեքներին:

Վարչապետ Քեմերոնը նշել է նաև, որ նախագահ Պուտինի հետ նախատեսում է քննարկել «Մեծ յոթնյակ»-ի կողմից ներկայացված պահանջները, որոնցից են հարգանքը Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ, այս երկրի արևելյան շրջաններ մարտիկների և զենքի հոսքի դադարեցումը և Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններից զինված ուժերի ստորաբաժանումների լիակատար դուրսբերումը:
XS
SM
MD
LG