Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը


«Ռուսաստանը դեմ առ դեմ կկանգնի նոր հետևանքների հետ, եթե չձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլեր». ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ողջունել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից առաջարկված խաղաղ կարգավորման ծրագիրը:

Նախագահ Օբաման հորդորել է Ռուսաստանի նախագահին և Ուկրաինայում գործող ռուսաստանամետ անջատողականներին ձեռնարկել հստակ քայլեր խաղաղ կարգավորման ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ՝ Ուկրաինայի կառավարության հետ սերտ համագործակցությամբ:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև անցկացված հեռախոսազրույցի ընթացքում Օբաման հորդորել է Պուտինին ազդեցություն գործել ռուսաստանամետ անջատողականներին վրա, որպեսզի վերջիններս համաձայնություն տան խաղաղ կարգավորման ծրագրի պայմաններին, ինչպես նաև դադարեցնել Ռուսաստանի սահմանով Ուկրաինա առաքվող զենքի և այլ միջոցների հոսքը:

Նախագահ Օբաման, ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, շեշտել է, որ խոսքերն անհրաժեշտ է սատարել հստակ գործողություններով, և որ Միացյալ Նահանգները պատրաստ է, համապատասխան իրավիճակ ստեղծվելու դեպքում, ընդունել լրացուցիչ պատժամիջոցներ՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ համատեղ:

Նախագահներ Օբաման և Պուտինը քննարկել են նաև Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև Իրանի հետ վերջինիս վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուն ուղղված ջանքերը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը, անդրադառնալով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների միջև անցկացված հեռախոսազրույցին, ասել է, որ «Ռուսաստանը դեմ առ դեմ կկանգնի նոր հետևանքների հետ, եթե չձեռնարկի իրավիճակի լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլեր»:
XS
SM
MD
LG