Մատչելի հղումներ

Նախագահներ Օբաման ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են օլիմպիական խաղերի անվտանգությունը


Հեռախոսազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համատեղ շահերն առաջ մղելու լավագույն եղանակները՝ ներառյալ Սոչիում անվտանգ և ապահով օլիմպիական խաղերի անցկացումը, ինչի նպատակով Միացյալ Նահանգներն առաջարկել է իր լիարժեք աջակցությունը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Սոչիում «անվտանգ և ապահով» օլիմպիական խաղեր անցկացնելու լավագույն եղանակները:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի ծառայության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համատեղ շահերն առաջ մղելու լավագույն եղանակները՝ ներառյալ Սոչիում անվտանգ և ապահով օլիմպիական խաղերի անցկացումը, ինչի նպատակով Միացյալ Նահանգներն առաջարկել է իր լիարժեք աջակցությունը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Օբաման և Պուտինը մտքեր են փոխանակել աշխարհի տերությունների կողմից Իրանի միջուկային ծրագրի սանձահարմանն ուղղված միջոցների, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ժնևում չորեքշաբթի օրը մեկնարկող խաղաղության համաժողովի մասին, որի ընթացքում կքննարկվեն Սիրիայում արդեն երեք տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու միջոցները:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հանրության կողմից Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացմանն ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Միացյալ Նահանգներն ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ երկու ռազմանավ կուղարկի Սև ծով, որպեսզի հնարավորություն ունենա օժանդակություն տրամադրել Ռուսատանի այն դեպքում, եթե Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն առաջանա:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնի համաձայն այժմ «իրականացվում են ծրագրավորում և նախապատրաստական աշխատանքներ» այն դեպքերի համար, եթե Օլիմպիական խաղերի ընթացքում անհրաժեշտ լինի Միացյալ Նահանգների աջակցությունը:

Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբիի համաձայն, Միացյալ Նահանգները «պատրաստ է գործի դնել ռազմաօդային և ռազմածովային ուժերի միջոցները, ներառյալ Սև ծովում ռազմածովային ուժերի երկու նավերը, եթե նման խնդրանք ներկայացվի Ռուսաստանի կառավարության հետ խորհրդակցությունների ընթացքում՝ չկանխատեսված որևէ իրավիճակի ձևավորման դեպքում»:
XS
SM
MD
LG