Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հայտնել է ԱՄՆ-ի հետախուզության աշխատանքի կանոնների փոփոխության մասին


«Մեր հնարավորությունները չպետք է օգտագործվեն մեն քաղաքացիների դեմ, սակայն մենք չպետք է զոհաբերենք այս հնարավորությունները», - ասել է նախագահ Օբաման՝ հասկանալի դարձնելով, որ, չնայած սահմանափակումները, Միացյալ Նահանգները չի նախատեսում հրաժարվել հետախուզական գործողություններից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների աշխատանքի կանոններում փոփոխություններ կատարելու մասին հայտարարությամբ, որոնք ամրագրվում են նախագահի «PPD-28» հրամանագրով:

Այս փաստաթղթում ներկայացված հիմնարար սկզբունքների համաձայն, հետախուզական տվյալների հավաքագրումը պետք է իրականացվի ԱՄՆ-ի սահմանադրության, նախագահի հրամանագրերի և ենթաօրենսդրական այլ ակտերի համաձայն:

«Հետախուզական ծառայությունները պետք է հաշվի առնեն անձնական կյանքի անձեռնմխելիությունը և քաղաքացիական ազատությունները», - ասված է փաստաթղթում:

«Հետախուզական համայնքի բարեփոխումները պետք է ամերիկացիներին ավելի մեծ վստահություն տան առ այն, որ իրենց իրավունքները պաշտպանված են նույնիսկ այն դեպքերում, երբ մեր հետախուզական ծառայություններն ու իրավապահ մարմինները պահպանում են մեր անվտանգությունը պաշտպանելու գործիքները», - ասել է նախագահ Օբաման:

Նախագահի Օբամայի կողմից ներկայացված փաստաթղթում ամրագրված այլ սկզբունքներից են առևտրային տեղեկությունների հավաքման մասին դրույթները: Նման տեղեկությունները, ըստ փաստաթղթի, կարող են հավաքվել միայն ազգային անվտանգությանը ներկայացվող վտանգների դեպքում, այլ ոչ թե ամերիկյան ընկերություններին առևտրային առավելություն տրամադրելու համար:

ԱՄՆ-ի նախագահի նոր հրամանագիրը որոշ սահմանափակումներ է դնում նաև հետախուզության աշխատանքի վրա: Այս սահմանափակումները, ինչպես նշված է փաստաթղթում, կոչված են պաշտպանելու անձնական կյանքի անձեռնմխելիությունը:

Հետախուզական ծառայությունների գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացման շրջանակներում նախագահ Օբաման պահանջել է տրամադրել իրեն տեղեկությունների հավաքման մասին ամենամյա զեկույց, որի հիման վրա նախագահը կանոնների փոփոխության մասին որոշումներ կկայացնի:

Հրամանագրում նշված է նաև, որ տեղեկությունների զանգվածային հավաքման թույլատրված դեպքերի ցանկը պետք է լինի հրապարակային: Տեղեկությունները նման եղանակով հավաքելուց առաջ, բացի այդ, ԱՄՆ-ի անվտանգության ազգային ծառայությունը պետք է նախօրոք դիմի դատարան՝ նման տեղեկություններն իրեն հասանելի դարձնելու թույլտվություն ստանալու համար: Այս կանոնից, ըստ հրամանագրի, կարող է լինել միայն մեկ բացառություն, այն է՝ արտակարգ իրավիճակները:

Իր ուղերձում նախագահ Օբաման հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում՝ 19-ր դարի քաղաքացիական պատերազմից մինչև Խորհրդային Միության հետ «Սառը պատերազմը, հետախուզական տվյալների հավաքումը չափազանց կարևոր դեր է ունեցել:

«Մեր հնարավորությունները չպետք է օգտագործվեն մեն քաղաքացիների դեմ, սակայն մենք չպետք է զոհաբերենք այս հնարավորությունները», - ասել է նախագահ Օբաման՝ հասկանալի դարձնելով, որ, չնայած սահմանափակումները, Միացյալ Նահանգները չի նախատեսում հրաժարվել հետախուզական գործողություններից:

Նախագահ Օբաման այնուամենայնիվ արգելել է ԱՄՆ-ի դաշնակից պետությունների առաջնորդների գաղտնալսումը:

«Մեր մոտ բարեկամ և դաշնակից պետությունների առաջնորդները պետք է իմանան, որ եթե ես ցանկանամ տեղեկանալ իրենց դիրքորոշման մասին, ես պարզապես կվերցնեմ հեռախոսը և կզանգեմ իրենց», - իր ուղերձում ասել է նախագահ Օբաման:
XS
SM
MD
LG