Մատչելի հղումներ

Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրվել է Դարթմուտի համալսարանի նախագահը


ԱՄՆ-ն նախագահ Բարաք Օբաման Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում է առաջադրել Դարթմուտի համալսարանի նախագահ Ջիմ Յոնգ Քիմին:

Օբամայի կողմից 52-ամյա Քիմի առաջադրումը միջազգային ֆինանսական այս հաստատության նախագահի պաշտոնում մեծ անակնկալ էր շատերի համար, սակայն ԱՄՆ-ի նախագահն ուրբաթ օրը նշել է, որ Քիմն ունի Համաշխարհային բանկը ղեկավարելու համար անհրաժեշտ որակավորում, համաշխարհային առողջապահության ոլորտում մեծ փորձ և միաժամանակ մարմնավորում է Միացյալ Նահանգների բնակչության բազմազանությունը:

«Իր ունեցած փորձն իսկապես գլոբալ է: Նա աշխատել է Ասիայում, Աֆրիկայում և երկու Ամերիկաներում` փոքր գյուղերում և մեծ քաղաքներում: Իր անցած ուղին մեր երկրի բազմազանության վառ օրինակներից է, որը ապացուցում է, որ քրտնաջան աշխատող և այլ մարդկանց մասին հոգ տանող ցանկացած անձ կարող է հասնել հաջողության», - ասել է նախագահ Օբաման:

Համաշխարհային բանկի նախագահում առաջադրված Քիմի ընտանիքը Միացյալ Նահանգների Այովա նահանգ է տեղափողվել, երբ Քիմը դեռևս հինգ տարեկան էր: 2009 թվականից Ջիմ Յոնգ Քիմը զբաղեցնում է Նյու Հեմփշիր նահանգում գտնվող` մեծ հեղինակություն վայելող Դարթմուտի համալսարանի նախագահի պաշտոնը:

XS
SM
MD
LG