Մատչելի հղումներ

Օբաման քննարկել է Ուկրաինայում ստեղծված վիճակը Եվրոպայի առաջնորդների հետ


ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման հեռախոսազրույցներ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի և Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզիի հետ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցներ է անցկացրել Եվրոպայի պետությունների առաջնորդների հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, որոնց ընթացքում, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության, բոլորը կարծիք են հայտնել, որ Ռուսաստանի զորքերը պետք է վերադառնան իրենց ռազմակայաններ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման հեռախոսազրույցներ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի և Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզիի հետ:

Հաղորդագրության համաձայն, նախագահ Օբամայի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում բոլորն ասել են, որ Ռուսաստանը խախտում է միջազգային օրենքը, և համաձայնության են եկել Ղրիմում միջազգային դիտորդների ներկայության անհրաժեշտության շուրջ: Նրանք մերժել են Ղրիմի ապագային վերաբերյալ համաժողովի անցկացման հնարավորությունը՝ նշելով, որ այն խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը:

Նախագահ Օբաման, բացի այդ, կոնֆերանս-զանգ է անցկացրել Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի, Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինսի և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեյի հետ: ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, բալթյան երկրների առաջնորդները ողջունել են ՆԱՏՕ-ի կողմից իրենց պետությունների օդային տարածքի վերահսկման ուժեղացմանն ուղղված միջոցառումները՝ ի պատասխան Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Քերրին, հաղորդագրության համաձայն, ասել է Լավրովին, որ Ուկրաինայում ռազմական լարվածության ավելացման շարունակությունը և Ռուսաստանի կողմից Ղրիմի միացմանն ուղղված քայլերը «կփակեն դիվանագիտական գործողությունների իրականացման համար հասանելի բոլոր հնարավորությունները»:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գնահատականների համաձայն՝ Ուկրաինայում է գտնվում Ռուսաստանի զինված ուժերի մոտ 20 հազար զինծառայող:
XS
SM
MD
LG