Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստանում է ամեն գնով պայքարել նավթի արտանետումների դեմ


Նրա խոսքերով, այս ողբերգությունը հիշեցնում է դեպի էներգիայի մաքուր աղբյուրների անցման կարեւորությունը


ԱՄՆ-ի ժողովրդին Սպիտակ տան Օվալաձեւ սրահից հղած իր առաջին ուղերձով նախագահ Օբաման հայտարարեց, թե ՝՝պայքարը կընթանա այնքան, որքան անհրաժեշտ լինի՛՛։

Նախագահը, սակայն, տարակուսանքի մեջ հայտնված ամերիկացիներին չներկայացրեց Մեքսիկական ծոցում ապրիլի 2Օ-ի պայթյունից հետո դեպի օվկիանոսը թափվող նավթի արտանետվումները կանգնեցնելու կոնկրետ ծրագիր։ Ասաց միայն, որ Միսսիսիպի նահանգի նախկին կառավարիչ Ռեյ Մեյբըսին խնդրել է կազմել օվկիանոսի այս ափերը մաքրելու երկարաժամկետ ծրագիր, որի ֆինանսավորման պարտավորությունը դրվել է նավթային ՝՝Բրիթիշ Փեթրոլիում՛՛ ընկերության վրա։

Ուղերձի մեջ նա չանդրադարձավ նաեւ նախատեսվող ծախսերին, ինչը մեծաթիվ մասնագետների հաշվարկներով, կազմելու է միլիարդավոր դոլարներ։

Ուղերձը ներկայացնելիս՝ Օբաման հայտարարեց, որ ինքը ցանկանում է նավթարդյունաբերության պետական գործակալության նոր ղեկավարի պաշտոնում տեսնել երկրի արդարադատության նախարարության նախկին գլխավոր տեսուչ Մայքըլ Բրոմուիչին ու հայտարարեց, որ այս բնագավառում նախատեսվող բարեփոխումները նախատեսում են հորատման անվտանգության մասին խիստ կանոններ եւ արտանետումների դեպքում՝ դրանց դեմ պայքարելու հստակ ծրագրեր։

ԱՄՆ-ի նախագահը խոստացավ, որ չի հանգստանա մինչեւ չվերականգնվի Մեքսիկական ծոցի մաքրությունը, սակայն չկրկնեց իր կողմից ավելի վաղ արտասանված այն միտքը, թե ՝՝այս ծոցը շուտով նախկինից ավելի լավ տեսք կունենա՛՛։

՝՝Մեր ափերին տեղի ունեցած այս ողբերգությունը նորից հիշեցնում է մեզ, որ դեպի էներգիայի մաքուր աղբյուրների անցման ապագան արդեն եկել է՛՛, հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որի հեղինակությունը հատկապես այս արտանետումներից հետո, կտրուկ անկում է ապրել։

Այս աղետի դեմ պայքարում Օբամայի վարած քաղաքականության դեմ է արտահայտվել ամերիկացիների 52 տոկոսը՝ այնքան, որքան Կատրինա ծովամրրկի հետեւանքները վերացնելու հարցով վարած քաղաքականության համար ստացել էր նախկին նախագահ Ջորջ Բուշը։

XS
SM
MD
LG